Բրիթնի Սփիրսի ծնողներն իրար դեմ դատական հայցեր են ներկայացրել` աստղային դստեր խնամակալության իրավունքի համար (լուսանկարներ)

Ամերիկացի հայտնի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը մեղադրել է նախկին կնոջը՝ «իրենց դստեր ցավն ու հոգեկան տրավման շահագործելու» համար, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ երգչուհու ծնողները պայքարում են դստեր խնամակալության իրավունքի համար:

65-ամյա Լին Սփիրսը, որը 30 տարվա համատեղ կյանքից հետո 2002 թվականին ամուսնալուծվել է այժմ 68 տարեկան Ջեյմի Սփիրսից, հայց է ներկայացրել դատարան իրենց դստեր համար կատարվող վճարների վերաբերյալ՝ նշելով, որ փաստաբաններին վճարվում է շուրջ 2 միլիոն դոլար։

Մեղադրանքին ի պատասխան ներկայացված հայցում, Ջեյմի Սփիրսը նշել է, որ նախկին կինը տեղյակ չէ վճարվող գումարներից և նշել, որ Լին է այն մարդը, որը «շահագործում է իրենց դստեր ցավն ու հոգեկան տրավման»՝ իր օգուտի համար գիրք հրապարակելով Բրիթնիի մասին։

2008 թվականին, Բրիթնի Սփիրսի շուրջ տեղի ունեցած սկանդալներից հետո, Լինը հրատարակել է Through the Storm: A Real Story of Fame and Family in a Tabloid World հուշագրությունը, որը պատմում է իրենց ընտանիքի դժվարին ժամանակների մասին։

Սակայն երգչուհու մայրը նշում է, որ գումարների մի մասը, որոնք իբր ուղղվում են փաստաբաններին և այլ վճարներ են կատարվում, ծախսվում են լռիվ այլ նպատակներով և առնվազն 224 հազար դոլար պետք է վերադարձվի Բրիթնիի հաշվին։

Հիշեցնենք, որ անցյալ տարի դատարանը չէր բավարարել Ջեյմի Սփիրսի հայցը դստեր նկատմամբ խնամակալությունն ուժեղացնելու մասին՝ նրա առողջության վատթարացման պատճառով: Դրանից առաջ Բրիթնին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ հոր խնամակալության իրավունքի, իսկ նրա փաստաբանը շեշտել էր, որ աստղը ելույթ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չի բավարարել նրա միջնորդությունը:

Նշենք՝ Ջեյմի Սփիրսն աստղի խնամակալության իրավունքը ստացել էր 2008 թվականին՝ Բրիթնիի՝ Քևին Ֆեդերլայնի հետ ամուսնալուծությունից հետո, որից հետո աստղը կորցրել է երեխաների խնամակալությունը և բուժում է ստացել հոգեբուժարաններում: Այդ ժամանակվանից ի վեր երգչուհու ունեցվածքն ու կյանքը ղեկավարում են նրա խնամակալները և փաստաբանները: