Ջենիֆեր Լոպեսը նշանադրությունը չեղյալ հայտարարելուց հետո հանդիպում է նախկին փեսացուի՝ Բեն Աֆլեքի հետ (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց հետո վերջին օրերին հանդիպում է նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։

Ինչպես նշում է Page Six-ը, 51-ամյա Լոպեսի և 48-ամյա դերասանի գաղտնի հանդիպումները բավականին հաճախակի են դարձել։

«Անվտանգության ծառայությունը Լոպեսի տան հարակից տարածքից դերասանին ուղեկցում է առանձնատուն և մի քանի ժամ անց կրկին հետ է ուղեկցում»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը՝ տրամադրելով լուսանկարներ։

Page Six-ի հաղորդմամբ՝ Աֆլեքին նաև նկատել են Լոպեսին պատկանող Cadillac Escalade սպիտակ մեքենայում։ Ընդհանուր առմամբ, վերջին օրերին Լոպեսը և Աֆլեքը հանդիպել են 3 անգամ։ Աստղերին մոտ կանգնած աղբյուրներ, այնուամենայնիվ, պնդում են՝ դերասանները պարզապես լավ ընկերներ են։

Հիշեցնենք, որ դերասանները նշանադրվել են 2002 թվականին։ Նրանք բաժանվել են 2004 թվականի հունվարին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։