Դուեյն Ջոնսոնը խոստովանել է, որ մանուկ հասակում իրեն հաճախ շփոթել են աղջկա հետ

Հոլիվուդյան դերասան Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը խոստովանել է, որ մանուկ հասակում իրեն հաճախ էին շփոթում աղջկա հետ։ 48-ամյա դերասանն անսպասելի հայտարարությունն արել է «Sunday Today with Willie Geist» շոուի ընթացքում։

«Ես կասեի, որ 7-11 տարեկանում մարդիկ կարծում էին, թե ես փոքրիկ աղջիկ եմ, քանի որ ես շատ նուրբ դիմագծեր ունեի և աֆրոամերիկուհու նուրբ մազեր»,- նշել է դերասանը։ Արտիստի հայրը պրոֆեսիոնալ ռեսթլեր Ռոքի Ջոնսոնն է։ Երբ Դուեյնը փոքր է եղել, նրա ընտանիքը հաճախ է տեղափոխվել, ինչի արդյունքում նա ստիպված է եղել 13 դպրոց փոխել։

Դերասանը նաև հստակ հիշել է հինգերորդ դասարանում իր առաջին օրը։ Դուեյնը դպրոցական ավտոբուսում նստած է եղել մեկ այլ երեխայի կողքին։ Որոշ ժամանակ անց վերջինս հետաքրքրվել է՝ արդյոք իր կողքին տղա է նստած, թե աղջիկ։

Բացի այդ՝ հաղորդման եթերում Ջոնսոնը հայտնել է «DC»-ի կոմիքսների հիման վրա «Սև Ադա» ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին։ Ժապավենում նա կխաղա գլխավոր դերը։