Իտալահայ երգչուհի Ռիտա Թեքեյանը թողարկել է իր երկրորդ՝ «Green Line» ալբոմը

Իտալացի երգչուհի, կոմպոզիտոր Ռիտա Թեքեյանը, ով հայտնի է Կոմիտասի «Կիլիկիա» երգի յուրօրինակ կատարմամբ, Թուրինյան No Strange ռոք խմբի հետ միասին թողարկել է իր երկրորդ ալբոմը` Green Line-ը: Ալբոմը թողարկվել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Պատերազմների և ցեղասպանությունների թեման արծարծող ալբոմը նվիրված է կատարողի ծննդավայր Բեյրութին: Քաղաքացիական պատերազմի ընթացքում Բեյրութի քարտեզի վրա կանաչ գիծը գծային գոտի էր, որը քաղաքը բաժանում էր արևելյան և արևմտյան, մահմեդական և քրիստոնեական հատվածների: Դա Բեյրութի ամենավտանգավոր շրջաններից մեկն էր, որը մեծապես վնասվել էր ռազմական գործողություններից: Ռիտա Թեքեյանը և նրա ընտանիքն անցել են այդ իրադարձությունների միջով, այնպես որ նոր ալբոմը հարգանքի տուրք է դարձել այն մարդկանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին իրենց իրավունքները, իրենց ինքնությունը, իրենց մշակույթը և արմատները պաշտպանելու համար: Ռիտայի երաժշտության մեջ կարելի է զգալ դառնություն՝  պատերազմի արդյունքում գողացված մանկության ու երիտասարդության համար:

Green Line ալբոմը բաղկացած է 12 երգից, որոնք միավորված են պատերազմի և մարդկային ցավի թեմայով: Իր ստեղծագործություններից մեկը ստեղծելու համար Ռիտան ոգեշնչվել է իր պապ Ավեդիս Թեքեյանի «Պեհեսնիի բնակիչների դեմ կատարված մեծ ոճրագործության դրվագներ» գրքից (1914-1918), որը պարունակում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից փրկված մարդկանց վկայությունները: «Y» վերնագրով երգը պատմում է անմարդկային դաժանությների մասին, որոնք մինչ օրս մնացել են անպատիժ: Իսկ Ավեդիս Թեքեյանի «Yes Kou Aperet» բանաստեղծությունը նույն գրքից վերածվել է երգի և դարձել 2015-ին թողարկված Ռիտայի «Manifesto Anti-War» դեբյուտային ալբոմի մի մասը: