«Դա նման էր մարմնից դուրս գալուն»․ Շերոն Սթոունը պատմել է կլինիկական մահվան մասին

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը պատմել է ինսուլտից հետո տարած կլինիկական մահվան մասին: Դերասանուհին ասել է, որ հիշում է այն պահը, երբ «մահացել է», հայտնում է բրիտանական The Mirror պարբերականը։

«Բարի լույս, Բրիտանիա» հաղորդման ընթացքում՝ 63-ամյա դերասանուհին հաղորդավարների հետ խոսել է այն մասին, թե ինչ է կատարվել իր հետ 2001 թվականին։

«Մարդիկ նման բաները քննարկում են թե՛ գիտական, և թե՛ հոգևոր տեսանկյունից։ Ես երկուսին էլ հավատում եմ»,- ասել է Սթոունը և հավելել, որ զգացել է այն ամենը, ինչի մասին խոսում են, այդ թվում՝ դեպի վեր ձգվելու զգացողությունը։

«Ես զգում էի, որ տեսնում եմ ինձանից առաջ մահացած մարդկանց, ես զգում էի, որ մենք շփվում ենք: Դա նման էր մարմնից դուրս գալուն: Եվ հետո ես հանկարծ ուժեղ ցավ զգացի՝ կարծես ոտքով հարվածեցին կրծքիս: Եվ ես կրկին իմ սենյակում էի», – ասել է դերասանուհին։