«Մայրս իմ ծնվելու գիշերը խորհրդավոր երազ է տեսել»․ Ալինա Մարտիրոսյանը՝ 42-ամյակի և գլխավոր երազանքի  մասին

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, ում շատերը կհիշեն «Եղբայրները», «Անուրջներ», «Մամա», «Լույսի պահապան», «Երանի»  «Քարե դարդ» և «Տնփեսա», «Խաբկանք» սերիալներից, ինչպես նաև «Պահանջվում է միլիոնատեր», «Ուրիշի փոխարեն», «Իմ խաչը» ֆիլմերից, օրերս նշել է իր ծննդյան օրը։
Sհowbiz.am կայքի հետ զրույցում Ալինան պատմում է, որ ծննդյան օրն առանձնապես չի նշել, պարզապես ժամանակն անցկացրել է հարազատների ընկերակցությամբ։
Դերասանուհին նաև պատմում է իր ամենայուրահատուկ նվերի և գլխավոր երազանքի մասին։

Ի՞նչ խորհրդավոր երազ է տեսել Ալինայի մայրը նրա ծնվելու գիշերը
Մորս, երբ ինձնով հղի է եղել, ասել են, որ որդի է ունենալու։ Բայց մայիսի 5-ին ինքը երազում տեսնում է Մարիամ Աստվածածնին, ով ասում է՝ դու աղջիկ ես ունենալու, և նա իմ աղջիկն է լինելու։
Հենց այդ գիշերը ես ծնվել եմ, դրա համար ինձ մոտ ինտուիցիան շատ ուժեղ է աշխատում, որովհետև Աստծո հետ իմ կապը շատ ուժեղ է։
Ամեն քայլից առաջ իմ ուղեղում լույս է վառվում, և ես հասկանում եմ՝ արժե դա անել, թե ոչ։

Ո՞րն է Ալինայի ստացած ամենայուրահատուկ նվերը
Այն ստացել եմ տղայիս կողմից, երբ ինքը 15 տարեկան էր։ Յուրահատուկ արծաթյա մատանի էր պատվիրել, իսկ հետո իմացա, որ ինքն իր հեռախոսը վաճառել էր դա գնելու համար։
Ամուսինս՝ Կարենը, ուրիշ բնավորութուն ունի․ ինքը կարող է ամեն օր անակնկալ անել․ նրա համար կապ չունի՝ Նոր տարի է, մարտի 8 է, թե ուրիշ տոն, բացարձակ կապ չունի։
Եղբայրս էլ՝ Նարեկ Մարտիորսյանը, ինձ ամբողջ կյանքում անակնկալներ է արել։

Ինչի՞ մասին է Ալինան երազում ամենից շատ 
Երազանքս շատ մեծ է, աղոթքս էլ առ Աստված այն մասին է, որ ինձ աղջիկ պարգևի։

Ի՞նչն է փոխվել նրա մեջ այս տարիների ընթացքում
Դժվար է ասել՝ թե ինչն է փոխվել իմ բնավորության մեջ․ այն չի փոխվել, չի փոխվել նաև իմ էությունը։ Ես նույնն եմ մնում, ավելի եմ սկսել գնահատել ու սիրել բնությունը, տիեզերքը ու այն ամենը ինչ շնորհում է  մեզ Աստված։  Նախորդ տարին վատ տարի էր․  պատերազմը, նահատակված լույս տղաները կոտրեցին ամբողջ հայ ազգի ողնաշարը։ Ցանկանում եմ Հայաստանը տեսնել հաղթանակած, վերածնված։ Ես սպասում եմ այդ օրվան։

Ալինան՝ պատերազմում ամուսնու վիրավորվելու մասին
Շատ բարդ էր, այն 25 օրվա ընթացքում, երբ Կարենը ռազմաճակատում էր, բացարձակ չեմ քնել, անգամ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հայությունը հարցնում էին՝ օրվա մեջ գեթ 1 ժամ քնում եմ, թե ոչ, որովհետև տեսնում էին, որ միշտ օնլայն եմ։
Կարենի վիրավորվելու գիշերը ես գնացի Քանքեռի ամենափրկիչ եկեղեցին։ Այն մատուռ է, ու շատ եմ սիրում, որովհետև դրա դռները երբեք չեն փակվում։ Ես գնացի մոմ վառեցի, մայրս էլ ինձ հետ աղոթում էր, գիշեր-ցերեկ Աստծուց ծնկած խնդրում էինք պահպանել բոլոր տղաներին, ու այդ օրը աղոթքից հետո իմացա, որ Կարենը վիրավորում է ստացել։

Ես զանգեցի, վերցրեց բժիշկը։ Ասաց, որ վիարահատում են։ Խնդրեցի, որ վիրահատության ամբողջ ընթացքը տեսանյութի ձևով նկարահանեն։ Երբ Կարենը եկավ, ես նայել եմ այդ տեսանյութը։
Հիմա Կարենը շատ մարտական է տրամադրված և ցանկանում է տեսնել Հայաստանը վերածնունդ ապրած և այդ իսկ պատճառով հիմնեց «Լույսի բանակ» կազմակերպությունը, որին օրերս անդրադարձել է հեղինակավոր լրատվամիջոցներից «Եվրոնյուզը»։ Դա խոսում է  հայերի միաբան լինելու մասին։ «Լույսի բանակն» իրենից ներկայացնում է հայրենասեր անհատների կամ խմբերի համագործակցության արդյունքում ձևավորված կազմակերպություն:

Ամենասարսափելին այն էր, որ նա եկավ ու մի քանի օր անց վիրավոր վիճակում, վերքերով նորից գնաց կռվի դաշտ։  Նա ձեռքը չէր կարողանում շարժել, քանի որ բեկորն անցնելով ողնաշարի կողքով՝ թիակի տակով, շրջանցելով թոքը՝ եկել կանգնել էր սրտից 2 մմ հեռու, չվնասելով կյանքի համար ոչ մի կարևոր օրգան: Դա, իրականում, Աստծո հրաշք էր: Բայց ձախ կողմի մկանային հյուսվածքները լուրջ վնասված էին ու սահմանափակել էին Կարենի շարժումները: Դեռ մինչև հիմա էլ նրա մարմնում կա ևս 3 փոքրիկ բեկոր, որոնց հեռացումը բժիշկները խորհուրդ չտվեցին:

 

Ի՞նչ է ցանկանում փոխել դերասանուհին իր կյանքում
Եթե հանդիպեի 18-ամյա Ալինային խորհուրդ կտայի լինել ավելի իմաստուն։ Իմ մայրիկն ինձ դեռ փոքր տարիքից խորհուրդ է տվել ոչ մի ընեկրուհու չվստահել անձնականը։ Ես միշտ հետևել եմ այդ խորհրդին, շուտով կլինեմ 42 տաեկան, բայց չունեմ ընկերուհի, որովհետև չեմ վստահում ոչ մեկին։ Եթե ցանկանամ ինչ-որ մեկի հետ կիսվել դա կլինի իմ մայրը, ամուսինը, որդին եղբայրը։
Շատ  լավ գործընկերներ ունեմ՝ Արսինե Նավասարդյանը, Վիվյեն Բաստանջյանը, ովքեր ինձ համար արտակարգ դերասանուհիներ, ու յուրահատուկ մարդիկ են։

Ո՞րն է որդուն տված իր կարևոր խորհուրդը
Ես իմ որդուն խորհուրդ եմ տվել, որ տաքացած ժամանակ ոչ մի որոշում չկայացնի։ Այդ խորհուրդն ինձ հայրս է տվել։

Եթե հնարավորություն ունենար մի բան փոխելու իր կյանքում, ապա․․․
Կցանկանայի, որ պատերազմը չլիներ, այսքան լույս տղաներ չհեռանային, ու Հայաստանն այս վիճակում չհայտվներ։ Մեր ապագան լուսավոր եմ տեսնում, գիտեմ, որ Հայաստանը ոտքի է կանգնելու, վեածնունդ է ապրելու։

Ամենակարևորը՝ այս աշխարհում
Քանի որ ինքս զգացի, թե ինչ է նշանակում, երբ ամուսինդ պատերազմում է հասկացա, որ այս աշխարհում ամենակարևորը խաղաղությունն է, և իհարկե, անսահման սերը․ գեղեցկությունը չի փրկում աշխարհը, սերն է փրկում։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան