Վահան Արծրունին «Կոմիտաս. տասը հայտնություն» համերգ կունենա Վարդապետի թանգարան-ինստիտուտում

Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին երաժշտասերներին կներկայանա «Կոմիտաս. Տասը հայտնություն» համերգով:
Համերգը տեղի կունենա մայիսի 11-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրության սրահում, որտեղ այժմ ներկայացված են քանդակագործ Արա Հարությունյանի կոմիտասյան քանդակները:

Համերգին ելույթ կունենան ֆլեյտահար Նելլի Մանուկյանը և «ՎԵԼՎԵՏ» լարային քառյակը։
«Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը գրվել է Կոմիտասի բանաստեղծությունների
հիման վրա: Երաշտության հեղինակը Վահան Արծրունին է:

Կոմիտաս Վարդապետը, մշակելով աշխարհիկ և հոգևոր հայ երգերը, գործիքավորելով և բազմաձայնելով դրանք, գրեթե չի հորինել հեղինակային երաժշտություն: Նա մշակի իր առաքելությունն ու նպատակը տեսել է հայ ուրույն երաժշտական ժառանգությունը վերծանելու, մեկնելու և աշխարհին ներկայացնելու, ընդունելի դարձնելու գործընթացի մեջ։

Շատերին հայտնի չէ, որ Կոմիտասի թողած մշակութային ժառանգությունը ներառում է նաև իր ստեղծած բանաստեղծություն-քնարերգությունը, որը Կոմիտասի միակ սեփական ստեղծագործական դրսևորումն է. բացառիկ, անգնահատելի ազգային արժեք։

Կոմպոզիտոր Վահան Արծրունին իր ստեղծագործության մեջ անդրադառնում է Կոմիտասի բանաստեղծությանը՝ ներկայացնելով Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը։

Վահան Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» շարքը ներկայացնող ձայնասկավառակը հրատարակվել է 2002-ին։

2003-ին այն արժանացել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխության պարգևին՝ «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում, իսկ 2004-ին՝ Ամերիկայի հայկական երաժշտական մրցանակաբաշխությունում ստացել է երկու մրցանակ՝ «Ազգային ալտերնատիվ երաժշտության լավագույն ալբոմ» և «Ալբոմի լավագույն ձևավորում»։ Անցած 15 տարվա ընթացքում շարքը բազմիցս համերգային կատարումներով ներկայացվել է Հայաստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Միջին Արևելքում և Եվրոպայի մի շարք երկրներում։