Վաճառքի է հանվել «Ֆորսաժ»-ի հայտնի տեսարանններից մեկում նկարահանված սուպերքարը

«Ֆորսաժ» ֆիլմաշարի 7-րդ մասում հայտնված W Motors Lykan HyperSport սուպերքարը վաճառքի է հանվել:

Ինչպես հայտնում է luxurylaunches.com-ը, այժմ շքեղ մեքենան, որը հայտնի տեսարանում հերոսներ Բրայանն ու Դոմը ցած են նետել Աբու Դաբիի երկնաքերերից մեկից, կարելի է ձեռք բերել 100 000 դոլարով: Առցանց ռեժիմով աճուրդը տեղի կունենա մայիսի 11-ին:

Աբու Դաբիում գործող W Motors ընկերությունը Lykan HyperSport սուպերքարը ներկայացրել էր 2013 թվականին: Ինչպես հաղորդվում է, այն առաջին սուպերքարն էր, որը նախագծվել և ստեղծվել է Միջին Արևելքում: Մեքենան թողարկվել է ընդամենը 7 օրինակով` դառնալով աշխարհի ամենահազվագյուտ մեքենաներից մեկը:

Հատուկ ֆիլմում օգտագործելու համար 10 առանձին նմուշ է ստեղծվել, որոնք շարժման մեջ են դրվում ոչ թե շարժիչի, այլ պրոպելերի օգնությամբ: Հենց այդ տաս մոդելից մեկն էլ վաճառքի է հանվել: Նշվում է, որ մեքենան, ըստ օրենքի, չի թույլատրվում վարել փողոցում, քանի որ անվտանգության բարձիկները հանվել են ֆիլմում նկարահանման  համար: