Ցուցադրվել են «Մոխրոտը» ֆիլմի առաջին կադրերը

Amazon Prime ծառայությունը լուսանկարներ է ցուցադրել առաջիկայում հեռուստադիտողների դատին ներկայացվելիք «Մոխրոտը» ֆիլմից, գրում է Deadline-ը:

Հրապարակված կադրերից պարզ է դառնում՝ հայտնի երգչուհի Կամիլա Կաբելոն և անգլիացի դերասան Նիկոլաս Գոլիցինը ֆիլմում կերտում են Մոխրոտի և նրա սիրեցյալի կերպարները: Բացի այդ, ֆիլմում առանցքային կերպարներից մեկին՝ փերի-կնքամորը մարմնավորում է ամերիկացի տղամարդ դերասան Բիլլի Փորթերը:

Ֆիլմը, որի ռեժիսորն է Քեյ Քենոնը, մեծ էկրաններ կբարձրանա 2021 թվականի սեպտեմբերին:

Անդրադառնալով փերի-կնքամոր կերպարի համար տղամարդ դերասանի ընտրությանը, Բիլլի Փորթերն ասել էր, որ իր դերակատարմամբ փերին չեզոք սեռի է, որով «Մոխրոտը» հեքիաթի նոր տարբերակն ինքնին կդառնա «դասական հեքիաթ նոր սերնդի համար»:

«Կարծում եմ, որ նոր սերունդն իսկապես պատրաստ է դրան: Երեխաները պատրաստ են:  Մեծահասակներն են, որ դանդաղեցնում են ընթացքը»,- ասել է Փորթերը: