Dior-ի նոր հավաքածուն ներկայացվելու է Աթենքի Պանաթինաիկոս մարզադաշտում

Հեղինակավոր Dior ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությունը տեղի կունենա Աթենքի Պանաթինաիկոս մարզադաշտում, հայտնում է Greek City Times թերթը։

Հունիսի 17-ին ֆրանսիական նորաձևության տունը Պանաթինաիկոս մարզադաշտը կվերածի «պոդիումի»՝ ներկայացնելով  նոր «Կրուիզ 2022» հավաքածուն։ Հավաքածուն կրում  է հունական ազդեցություն և նվիրված է Հունաստանի անկախության շարժման 200-ամյակին։

Նորաձևության ցուցադրությունից բացի տեղի են ունենալու նաև նկարահանումներ՝ Հունաստանի պատմական  և տպավորիչ վայրերում՝ ներառյալ Ակրոպոլիսում, ինչի վերաբերյալ հարցումներ են ուղարկվել երկրի իշխանություններին:

Նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին ասել է, որ Հունաստանը միշտ հոգեհարազատ է եղել իրեն։

«Դիցաբանությունից մինչև «Ոդիսական», ճարտարապետությունից և փիլիսոփայությունից մինչև անգին արհեստներ․ Աթենքն ինձ համար երազանքի վայր է՝ շոու բեմադրելու և առավել քան երբևէ մշակույթների կախարդանքն ու փոխանցումը տոնելու համար»,- ասել է Մարիա Գրացիա Կյուրին և հավելել, որ այդ երազանքը հունիսի 17-ին կարող է իրականություն դարձնել։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև տեղական նկարիչների և արհեստավորների ստեղծագործական ունակությունները։