12-ամյա տղան կատարում է Էմինեմի հայտնի երգը՝ Գազայում հրթիռակոծություններից ավերված շինությունների ֆոնին

Պաղեստինցի երիտասարդ ռեփերի կատարումը, որում խոսվում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին, համացանցի օգտատերերի շրջանում մեծ տարածում է գտել, հաղորդում է NME-ն։
Հոլովակում MC Abdul բեմական անունով 12-ամյա տղան երգում է հայտնի ռեփ կատարող Էմինեմի Cleanin’ Out My Closet երաժշտության հնչյունների ներքո՝ Գազայում հրթիռակոծություններից ավերված շինությունների ֆոնին։

«Պաղեստինը տասնամյակներ շարունակ բռնազավթված է, բայց այս հողում են իմ ընտանիքի սերունդների հիշողությունները։ Պատկերացրեք, որ ձեզ վռնդում են ձեր միակ տնից։ Մենք աղոթում ենք մեր հոգիների համար, մինչդեռ նրանք մեր տների որսն են անում»,- ասում է Աբդուլը «Պաղեստին» կոչվող երգում։

Երիտասարդ կատարողն իր տեսահոլովակը հրապարակել է Instagram-ի էջում՝ կից գրելով․ «Այս շաբաթը շատ ծանր էր իմ տան՝ Գազա քաղաքի համար։ Ես պարզապես ցանկանում եմ, որ աշխարհն իմանա Պաղեստինում կատարվողի մասին»։

Տեսանյութը դիտվել է ավելի քան 4,5 միլիոն անգամ։