Կյանքիս ամենացավալի միջադեպը․ 20 հարց՝ Էվա Ոսկանյանին

Դերասանուհի և երգչուհի Էվա Ոսկանյանը, ով վերջին շրջանում նկարահանվում էր «Քավարան»  հեռուստասերիալում, Showbiz.am կայքի հետ զրույցում պատասխանում է 20 հարցի՝ փորձելով անկեղծորեն բացահայտել ինքն իրեն՝ պատմելով բնավորության անտանելի գծի,  սխալների և երազանքի մասին։

Իմ ստացած ամենահաջող նվերը
Վառ տպավորություններ։ Ամենաթա՜նկն են։

Իմ կանացիության գլխավոր գաղտնիքը 
Գաղտնիք չէ՝ շարժումներն ու միմիկան։ Ենթադրում եմ, որ հենց դրանով կարելի է ըմբռնել դիմացինին՝ անկախ սեռից ու տարիքից։

Մորս ամենակարևոր խորհուրդը, որը տպավորվել է իմ մեջ
Պահը չկորցնես։ Երբ կյանքը որևէ հնարավորություն է տալիս՝ պետք է այն հենց նույն պահին ըմբռնել։

Ինչպիսին եմ ես զայրացած կամ անտրամադիր ժամանակ
Զայրացած ժամանակ՝ անկառավարելի, անտրամադիր ժամանակ՝ պարփակված, ինքնամփոփ։

Ինչպե՞ս եմ արտահայտում իմ սերը
Տիեզերային և միաժամանակ բջջային մակարդակի վրա։

Կնոջ իմ իդեալը
Տատիկս  (խոսքն Էլդա Գրինի մասին է), նրանից հետո՝ առհասարակ, մեր ընտանիքի կանայք.. ։
Ինձ հաճախ թվում է, որ մի ամբողջ կյանք չի հերիքի, որ գոնե կիսով չափ մոտենամ նրանց լիարժեք կանացիությանը։

Իմ բնավորության ամենաանտանելի գիծը
Ծայրահեղ, բևեռային լինելս։

Իմ գործած ամենավատ սխալը
Իդեալիստական հայացքը աշխարհի հանդեպ։

Ինչը կարող է իմ տրամադրության անկման պատճառը դառնալ
Ձանձրույթը․․․երբ ոչինչ չի կատարվում։

3 հատկանիշ, որոնք կբնութագրեն ինձ
Գերզգացմունքային, խորացող (երբեմն չափից առավել), և դրա հետ մեկտեղ նաև՝ բռնկուն։

Կյանքիս գլխավոր ձեռքբերումը
Ինքնաճանաչողության ճանապարհին կանգնելու առաջին քայլը։

Արարք, որի համար զղջում եմ
Խոցել եմ մտերիմիս զգացմունքները, թեև անգիտակցաբար։

Ինչը չեմ ների երբեք
Նախորդ տարին վերջնականապես դրոշմեց իմ մեջ չկիրառել «երբեք» ու «միշտ» արտահայտությունները միտքը կառուցելու գործընթացում։

Ինչը կարող է հիասթափեցնել ինձ տղամարդու բնավորության մեջ կամ արարքներում
Անարդարությունը, միտումնավոր անարժան պահվածքը։

Ամենակարևոր խորհուրդն իմ կյանքի
Ամեն ինչին պետք է վերաբերվել  հումորով,  փիլիսոփայորեն, և փորձել ընկալել կյանքն իբրև հետազոտություն։ Տատիկիս խոսքերն են։

Չարախոսություն, որն իմ մեջ տպավորվել է
Չի տպավորվում․․․ բացասականն այնքան սրընթաց է գլխիս մեջից ջնջվում․․․

Իմ կյանքի ամենամեծ վախը
Մանկուց մտած՝ պատերազմն էր ու երկրաշարժը։ Երկուսն էլ անցանք ինչ-ինչ մասշտաբով։
Նոր վախեր դեռ չեմ գտել, բայց ամեն ինչ առջևում է։

Կյանքիս ամենացավալի կամ տհաճ միջադեպը
Չհասցրի տատիկիս հրաժեշտ տալ։

Եթե կյանքը նորից սկսելու հնարավորություն ունենայի, ինչպիսին այն կլիներ
Բացառությամբ մի քանի դրվագի՝ նույնը։

Իմ գլխավոր երազանքը
Մնալ ողջ, մնալ առողջ և մնալ գիտակից՝ հնարավորինս երկար ժամանակ։

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի