«Ինձ հետաքրքրում է՝ ինչպես ենք հայտնվել Երկիր մոլորակի վրա»․ Իլոն Մասկը պատմել է Աստծո հանդեպ վերաբերմունքի մասին

Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը «Նոր գիտելիքներ» կրթական մարաթոնի շրջանակում պատասխանել է Աստծո հանդեպ վերաբերմունքի, հավատքի և գիտելիքի փոխկապակցվածության մասին հարցին, գրում է ria.ru-ն։

Մասկը հայտարարել է՝ «ինքը հավատացյալ չէ, բայց հետաքրքրված է, թե մարդիկ ինչպես են հայտնվել Երկիր մոլորակի վրա»։

«Ընդհանուր առմամբ, բառիս ավանդական իմաստով ես կրոնի մարդ չեմ, քանի որ պատկանում եմ մտքի գիտական դպրոցին։ Բայց ինձ հետաքրքիր է, թե որտեղից ենք բոլորս եկել և թե ինչ է կյանքը։ Իմ գիտակից կյանքում ես այսպիսի մի փիլիսոփայություն եմ որդեգրել. անհրաժեշտ է ընդլայնել գիտակցությունը՝ ճիշտ հարցեր ուղղելու համար, որոնց պատասխանները կարելի է ստանալ տիեզերքից»,- ընդգծել Է միլիարդատերը:

«Նոր գիտելիքներ» մարաթոնը կանցկացվի մինչև մայիսի 22-ը երկրի 8 քաղաքներում` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սոչիում, Վլադիվոստոկում, Նովոսիբիրսկում, Կալինինգրադում: Բացի դեմ առ դեմ ձևաչափից, դրան կարելի է հետևել և մասնակցել համացանցի միջոցով:

Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 150 ռուս և օտարերկրյա բանախոսներ և հյուրեր, այդ թվում՝ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Թիմուր Բեկմամբետովը, բալետի պարող Նիկոլայ Ցիսկարիձեն, ռուս վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևը, լրագրող Վլադիմիր Պոզները, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Apple Computer ընկերության գյուտարար և համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, այլք: