«Մերը թող մնա մեզ, ուրիշինը՝ ուրիշին». Արթուր Աբրահամը` սահմանային իրադրության մասին

Ճանաչված բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը չի ցանկանում ոչ մի կտոր հող զիջել թշնամուն։ Նա իր ցանկության մասին խոսեց այսօր լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։
«Իմ ցանկությունն այն է, որ ինչը մերն է, մերը մնա, մենք ուրիշինը չենք ուզում, մերը թող մնա մեզ, ուրիշինը՝ ուրիշին։ Մենք մեր հողից ոչ մեկին ոչ մի կտոր չպետք է տանք»,– ասաց նա։
Բռնցքամարտիկը հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերին` նշելով, որ ինքը քաղաքական գործիչ չէ։
Արթուր Աբրահամի խոսքով`միակ ելքը համախմբված, ուժեղ լինելն է, որ կարողանանք հաղթել։

«Մենք ամբողջ կյանքում բոլոր կողմերից նեղված ենք եղել, մեր մեջքն ուժեղ պետք է լինի, միակ միջոց դա է»,-ասաց նա և ավելացրեց` պատերազմի ընթացքում ողջ հայ ժողովուրդը համախմբվել էր, ինքը դա տեսել է ու զգացել այդ ուժը, որը հիմա մեզ պակասում է։
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։