Սեքս-սկանդալից հետո Քևին Սփեյսին վերադառնում է մեծ կինո

Ամերիկացի դերասան Քևին Սփեյսին սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներից հետո առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում։ Նա իտալացի դերասան և ռեժիսոր Ֆրանկո Ներոյի The Man who Drew God (իտալ․՝ L’uomo Che Disegno Dio) ֆիլմում հանդես կգա հետախույզի կերպարում, այս մասին հայտնում է Variety-ն։

«Ես շատ ուրախ եմ, որ Քևինը համաձայնել է նկարահանվել իմ ֆիլմում։ Ես նրան համարում եմ մեծ դերասան և անհամբերությամբ սպասում եմ ֆիլմի նկարահանումների մեկնարկին»,- հայտարարել է Ներոն։

Ըստ հաղորդման՝ ֆիլմի սյուժեն կույր նկարչի մասին է, որը մարդկանց նկարում է` նրանց ձայնը լսելով։ Նկարահանումները տեղի կունենան Իտալիայում։

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Star Trek սերիալի դերասան Էնթոնի Ռեփը Սփեյսիին մեղադրել էր 1986-ին իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։

Քևին Սփեյսին մեղադրվում էր նաև 2016 թվականին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Նանթաքետ կղզու ռեստորաններից մեկում 18-ամյա պատանու հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու համար:

Սեռական ոտնձգությունների և բռնության համար Սփեյսիին մեղադրել էին, ընդհանուր առմամբ, ավելի քան 30 տղամարդ։