Մակրոնը նկարահանվել է ֆրանսիացի կատակերգուների տեսահոլովակում

Օրերս ֆրանսիացի կատակերգուներ Մաքֆլայի և Կարլիտոյի յութուբյան էջում է հայտնվել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ և Ելիսեյան պալատում նկարահանված տեսանյութը։

Ամիսներ առաջ Մակրոնը կատակերգուներին խոստացել էր՝ եթե համավարակի ժամանակ սոցիալական հեռավորության պահպանման կարևորության մասին տեսանյութը YouTube-ում 10 միլիոն դիտում ունենա, նրանց կհրավիրի նախագահական նստավայր։

Երբ տեսանյութի դիտումների քանակը հատել է 10 միլիոնը, Ֆրանսիայի նախագահը կատարել է խոստումը և նկարահանվել կատակերգուների 36 րոպեանոց տեսահոլովակում, որը ժամերի ընթացքում դիտել են միլիոնավոր մարդիկ։

Տեսանյութում Մակրոնը պատասխանում է կատակերգուների հարցերին, նրանց հետ շրջում է Ելիսեյան պալատի պարտեզներում և վերջում ունկնդրում է ֆրանսիական Ultra Vomit խմբի հևի մետալ կատարումը։