«Պարոն Փիթը հիասքանչ էր»․ Ջենիֆեր Էնիսթոնը գովել է նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն «Ընկերները» սերիալի մյուս դերասանների՝ Լիզա Կուդրոուի և Քորթնի Քոքսի հետ Access Hollywood-ին տված հարցազրույցի ընթացքում գովել է նախկին ամուսնուն՝ դերասան Բրեդ Փիթին, գրում է Daily Mail-ը։

Հաղորդավարի հարցին, թե ովքեր են եղել «Ընկերները» սերիալում էպիզոդային դերով հանդես եկած նրանց ամենասիրելի հյուրերը, դերասանուհիները թվել են մի շարք դերասանների, այդ թվում՝ Փոլ Ռադի, Ռիզ Ուիզերսփունի, Բեն Սթիլերի և Շոն Փենի անունները։

52-ամյա Էնիթսոնը չի մոռացել հիշատակել նաև իր նախկին ամուսնուն։

«Պարոն Փիթը հիասքանչ էր, նա գերազանց էր իր դերում»,- ասել է դերասանուհին, որը Փիթի հետ ամուսնացած է եղել 2000-2005 թվականներին։

Օրերս համացանցում էր հայտնվել «Ընկերները» սերիալի դերասանների մասնակցությամբ նոր նախագծի առաջին թրեյլերը։

Թրեյլերում ցուցադրվում է Կալիֆորնիայում Warner Bros. ստուդիայի Stage 24 տաղավարում «Ընկերները» սերիալի գլխավոր դերասանների հանդիպումը։ Բացի այդ, տեսանյութում ներկայացված են սերիալի նկարահանման դրվագները։

Մանհեթանից վեց երիտասարդ ընկերների մասին պատմող հեռուստասերիալը ցուցադրվել է ավելի քան 54 երկրում։ NBC հեռուստաընկերության կողմից սերիալը հեռարձակվել է 1994 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի մայիս: Ընդհանուր առմամբ, նկարահանվել է 236 սերիա։

2020-ի փետրվարին հաղորդվել էր «Ընկերները» սերիալի կազմի վերամիավորման մասին՝ HBO Max-ի նոր նախագծում նկարահանվելու համար: Սերիալի շարունակության ռեժիսորն ու պրոդյուսերը կլինի Բեն Ուինսթոնը, որը կհամագործակցի օրիգինալ հեռուստաշոուի պրոդյուսերների հետ: Variety-ի աղբյուրի տվյալներով՝ բոլոր վեց հիմնական դերասաններն առնվազն 2,5-ական մլն դոլար կստանան նախագծին մասնակցելու համար: