Համերգային ծրագիր, ցուցահանդես-տոնավաճառ. Երեխաների օրը Երևանում կնշվի «Երազանքների քաղաք» փառատոնով

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին «Խաչքարերի պուրակ»-ում կանցկացվի «Երազանքների քաղաք» խորագրով փառատոնը, որի շրջանակում նախատեսվում են համերգային ծրագիր, ցուցահանդես-տոնավաճառներ, որոնց հասույթները կտրամադրվեն Արցախյան 44-օրյա պատերազմի վիրավոր զինվորների առողջության վերականգնման կենտրոններին և Արցախից բռնագաղթված ընտանիքների երեխաներին:
նախաձեռնությանը կմասնակցեն նաև գործարարներ, որոնք տաղավարներում կներկայացնեն իրենց արտադրանքը, արվեստագետներ, գրահրատարակիչներ և գրողներ: Բազմաբնույթ և բազմաբովանդակ մշակութային ծրագրեր կիրականացվեն նաև Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

Սպասվող միջոցառմանը վերաբերող մամուլի ասուլիսին, որը տեղի ունեցավ մայիսի 26-ին, գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն ասաց՝ ամեն ինչ անում են, որ երեխաները երջանիկ լինեն: Հենց այդ նպատակով են նախաձեռնել «Երազանքների քաղաք» փառատոնը: «Երևանը դիտարկում ենք որպես երազանքների քաղաք, և յուրաքանչյուրը, ով ապրում է Հայաստանում, պետք է անի հնարավորը, որ ոչ միայն Երևանը լինի երազանքի քաղաք, այլև ամբողջ Հանրապետությունը: Մեզնից է կախված կարո՞ղ ենք իրագործել մեր նպատակը, թե՞ ոչ: Մենք ավելի սիրելի, ավելի հարազատ ու թանկ արժեք չունենք, քան հայրենիքը, քանի որ այն ընտանիքն է, երեխան է, գործընկերն է. հայրենիքը մեր երկրի յուրաքանչյուր ծառն ու թուփն է»,-շեշտեց Կարապետյանը:

Անդրադառնալով օրվա մշակութային ծրագրերին՝ նա տեղեկացրեց, որ մի քանի ժամ տևողությամբ համերգային ծրագրին մասնակցելու են բացառապես երեխաներ, որոնք ելույթները նվիրելու են Հայաստանի բոլոր փոքրիկներին: Գրադարանում ևս միջոցառումներ են նախատեսվում, որոնց մանրամասները կարելի է գտնել գրադարանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում: Տնօրենը կարևորեց այն հանգամանքը, որ մի խումբ անվանի նկարիչներ իրենց կտավներն են նվիրաբերել գրադարանին ցուցահանդես-վաճառքի համար: Նվիրատուներն են Հաղթանակ Շահումյանը, Շմավոն Շամավոնյանը, Արևիկ Պետրոսյանը, Վիկտոր Հովհաննիսյանը, Արթուր Անդրանիկյանը, Կարինե Գալստյանը, Արտավազդ Թալանյանը, Վահագն Ավետիսյանը, Հռիփսիմե Գրիգորյանը և այլք:

Անվանի գրողներն էլ իրենց հեղինակային գրքերն ու սեփական հավաքածուի լավագույն ստեղծագործություններն են նվիրել գրադարանի ֆոնդին, որոնք ևս վաճառվելու են միջոցառմանը:

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանն էլ հիշեցրեց, որ «Երազանքների քաղաք» նախագիծն իրականացվում է տասը տարի: Ծրագրի շրջանակում բազմաթիվ երեխաներ սոցիալական աջակցություն, կացարան են ստացել: Նրա խոսքով՝ պատերազմից հետո շատ են երեխաները, որոնք տարհանվել են իրենց ծննդավայրից և ունեն հոգեբանական խնդիրներ: Փառատոնին կմասնակցի 200-ից ավելի արցախցի երեխա, որոնք նվերներ կստանան: Տաղավարներ կտրամադրվեն բարեգործական հիմնադրամների և մանկատների:

«Մայր Հայաստան» քաղաքացիական-շարժման ներկայացուցիչ գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի համոզմամբ՝ հայերը խաղաղասեր ազգ են, իսկ նման նախաձեռնությունները ոչ միայն ուղղված են երեխաների հանդեպ ուշադրություն ցուցաբերելուն, այլև այն ապագային, որը պետք է գա: «Երեխաները պետք է հավատան, որ ապրում են ապահով երկրում, որ շրջապատված են հոգատարությամբ: Մենք շարունակելու ենք հանդես գալ նմանատիպ միջոցառումներով, որպեսզի կարողանանք կոտրել բացասական մթնոլորտը, որը մեզ ուժազրկում է, չի ոգևորում ու թույլ չի տալիս լինել այնպիսին, ինչպիսին եղել ենք: Մենք պետք է մեզ վերափոխենք ապրելու համար ու մոռանանք պարտության մասին»,-նշեց Ասատրյանն ու հավելեց, որ հունիսի 1-ն անհրաժեշտ է նաև հայ ոգու վերականգնման օր համարել և ազգովի աշխատել հանուն մեր ժողովրդի ու հայրենիքի:

Նախաձեռնության կազմակերպիչներն են Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը, «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ը և «Մայր Հայաստան» քաղաքացիական-շարժումը: