Երաժշտական «BiGiDream» փառատոնը մեկ հարկի տակ կներկայացնի ստեղծագործող երախաների աշխատանքները

Մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային «BiGiDream» երաժշտական փառատոնը, որն անցկացվելու է հունիսի 5-6-ը Մարզահամերգային համալիրում, մեկ հարթակում կհամախմբի ՀՀ բոլոր մարզերից մանկական աշխատանքներ և ստեղծագործություններ։

փառատոնի օրերին համալիրում կստեղծվի մի միջավայր, ուր երեխաներն օրեր շարունակ կարող են իրենց հասակակիցների հետ մասնակից լինել ամենատարբեր ժամանցային խաղ-միջոցառումների, դիտել առաջին հայկական մանկական երաժշտական մյուզիքլը, որի հիմքում հայկական մուլտֆիլմերի հերոսներն են: Մյուզիքլը կրում է «Հայը կա. դեպի մեծ երազանքներ» խորագիրը: Այն հնարավոր կլինի դիտել հունիսի 5-ին և 6-ին ժամը 19:30:

Մինչ փառատոնի մեկնարկը անցկացվել են հատուկ դասընթացներ՝ ուղղված երեխաների կարողությունների զարգացմանն ու տաղանդների բացահայտմանը:

Դասընթացների արդյունքներով բացահայտվել են խելացի, արվեստասեր, շնորհալի, ստեղծարար, ուժեղ հայ փոքրիկները, ովքեր մասնակից են դարձել փառատոնի կազմակերպչական և ստեղծարար աշխատանքներին: «Դեպի մեծ երազանքներ» համապետական մրցույթ-փառատոնի շրջանակում էլ բացահայտված երեխաները ևս կմիանան փառատոնային աշխատանքներին: Այդ նպատակով մայիսի 17-ից ամբողջ Հայաստանում արդեն մեկնարկել է ներհամայնքային փուլը (մայիսի 18-26-ը), որից հետո կմեկնարկի մարզային փուլը (մայիսի 26-30-ը) և վերջում համապետական փուլը (հունիսի 4-6-ը)։

Փառատոնն իրականացնում է «Հայը կա» նախաձեռնությունը, որը ձևավորվել է համախմբելու, սթափեցնելու և ոգեշնչելու հայ ժողովրդին` հաղթահարելու երկրի առջև ծառացած հիմնական դժվարությունները և նպաստելու երկրի արագ զարգացմանն ու հզորացմանը։

Նախաձեռնության գաղափարն է համախմբել բոլոր նրանց, ովքեր իրենց ապրելակերպով և գործունեությամբ ապացուցել և ապացուցում են, որը հայը կա, հայը ապրում է և հզորանում։