«ԻԼԻՊ-ի հարսնացուն» նոր վավերագրական ֆիլմում պատմել է ահաբեկիչներին միանալու մասին

«ԻԼԻՊ-ի (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) հարսնացու» անունը ստացած Հոդա Մութանան, որը ԻՊ-ին միանալու համար 2014 թվականին փախել էր ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի իր տնից, իսպանացի ռեժիսոր Ալբա Քլուայի «Վերադարձ. կյանք ԻԼԻՊ-ից հետո» նոր վավերագրական ֆիլմում պատմել է, որ «մինչև կյանքի վերջը կզղջա անմիտ արարքի համար», գրում է New Yor Post-ը։

«Երբ ուղեղդ լվանում են, այդ պահին ոչինչ չես գիտակցում»,- հայտնել է 26-ամյա աղջիկը՝ խոստովանելով, որ «կցանկանար հիշողությունից ջնջել ԻԼԻՊ-ի հետ անցկացրած տարիները»։

Մութանան, որը Սիրիայում ԻՊ-ին միանալու համար ԱՄՆ-ից փախել էր 20 տարեկանում, խոստովանել է՝ «ահաբեկչական խմբին միացել է համացանցում այլ մահմեդականների հետ կապ հաստատելուց հետո»։ Սիրիայում Մութանան, իր խոսքով, ակնկալում էր գտնել «երջանկություն, օգնել հիվանդանոցներին, դպրոցներին, իր համայնքին», սակայն «հայտնվեց իսկական դժոխքում»։

Նշվում է, որ ԻՊ-ին միանալուց հետո Մութանան ամուսնացել է խմբավորման մի քանի մարտիկների հետ, որոնցից առաջին երկուսը սպանվել են․ նա ունի որդի։

2019 թվականին աղջիկն իր 4-ամյա որդու հետ փախել է ԻՊ-ից և հայտնվել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող փախստականների ճամբարում։

Նշվում է, որ Մութանան շատ է ցանկանում վերադառնալ ԱՄՆ, սակայն նահանգի դատարանի որոշման համաձայն՝ վերջինս երկրի քաղաքացի չէ և իրավունք չունի վերադառնալ ԱՄՆ։