«Երբ առաջին անգամ ասեցի Լուիին, որ խակ ծիրան ու խնձոր եմ սիրում, ծիծաղեց»․ «Լադանիվան»՝ մայիսի 29-ին կայանալիք մենահամերգի և իր կյանքից մի շարք հետաքրքիր մանրամասների մասին

Հայկական աշուղական երգերի յուրահատուկ մատուցում՝ համեմված ֆրանսիական երաժշտության մոտիվներով, թովիչ ձայնային տվյալներ․ սա է «Լադանիվա» խմբի՝ արագորեն ճանաչում ձեռք բերելու և սեր վայելելու գաղտնիքը։ Առաջին անգամ համացանցում «Լադանիվա» խմբի կատարմամբ հայտնվեց հայկական ժողովրդական «Բինգյոլ» երգը, որը միանգամից սիրվեց թե՛ ֆրանսիացի, թե՛ հայ հասարակության կողմից, ինչից հետո խմբի մատուցմամբ հայկական աշուղական երգերի թողարկումը ունեցավ շարունակական բնույթ։

«Լադանիվա»-ին հաջողություն բերեցին ինչպես հայկական աշուղական երգերի cover տարբերակները, այնպես էլ խմբի հեղինակային կատարումները։ Վերջերս նկարահանված «Մեր այգում քեֆ չի լինի» տեսահոլովակի մեկնաբանություններն ու դիտումների թիվը՝ 14 մլն, վկայում են այն մասին, թե որքան է երգը սիրվել լսարանի կողմից։

Արդեն վաղը`մայիսի 29-ին, այդ նույն երգերը կենդանի կատարմամբ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Արդյո՞ք վաղը մեր այգում քեֆ կլինի, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խմբի հայազգի երգչուհի Ժակլին Բաղդասարյանը և Լուի Թոմասը նշեցին՝ «Լադանիվա»-ն վաղը սիրով սպասելու է բոլորին․ «Լավ է անցնելու»։

«Վեց տարվա մեջ առաջին անգամ եմ Հայաստանում։ Ոնց որ նորից բացահայտեմ Երևանը, քայլում եմ ու շատ սիրուն տեղեր եմ տեսնում, ու ուրախանում եմ, որ՝ վայ, ախր սա իմ տունն ա, ես էստեղից եմ»,- ոգևորված պատմում է Ժակլինը։

Խմբից Լուի Թոմասն էլ հայերենով գիտեր միայն «բարև» բառը, բայց ուշագրավ է, որ «Լադանիվայի» ստեղծման մեջ նա գուցե նույնքան, եթե ոչ ավելի շատ ներդրում ունի, քան Ժակլինը։ Պարզվում է՝ երաժիշտները սկզբում կատարել են ջազ ստեղծագործություններ անգլերեն լեզվով։ Հետո մի օր Լուին լսել է, թե ինչպես է Ժակլինը երգում հայկական ազգային երգերը, շատ է հավանել լեզուն, երաժշտությունը և աղջկա կատարումը ու առաջարկել է նրան հայերենով երգել։

«Ես շատ եմ սիրում ճամփորդել, բայց Հայաստանում առաջին անգամ եմ։ Հենց սկզբից՝ օդանավակայանից, մեզ շատ ջերմ դիմավորեցին, այստեղ ինձ շատ հետաքրքիր է։ Շատ եմ տպավորվել Երևանի այդ քարի գույնով, որ ամեն տեղ հանդիպում է։ Շատ հետաքրքիր գույն է։ Ձեր այբուբենն էլ է շատ գեղեցիկ, յուրօրինակ, նման չէ ինձ ծանոթ այբուբեններին», – ասում է Լուին։

Ժակլինը կատակում է, որ չի համբերում, թե երբ է ցոգոլ, շլոր ու խակ խնձոր ուտելու։ Աղջիկը ծնվել է Եղեգնաձորում, մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվել են Բելառուս, ապա՝ Ֆրանսիա։

«Երբ առաջին անգամ ասեցի Լուիին, որ խակ ծիրան ու խնձոր եմ սիրում, ծիծաղեց, մտածեց՝ կատակ եմ անում կամ գիժ եմ։ Հիմա եկել ա ստեղ ու տեսնում ա, որ ամբողջ երկիրն ա ցոգոլ ու շլոր ուտում։ Անհամբեր սպասում եմ, տեսնեմ՝ ոնց ա իրան զգալու էդ ուտելիս»,- ծիծաղում է Ժակլինը։

Երգչուհին խոսեց նաև խմբի առաջիկա ծրագրերի մասին, որոնցից առաջնայինը ճամփորդություններն են, որոնք, իր խոսքով, օգնում են բացահայտել նոր մշակույթներ.

«Կյանքումս անընդհատ լինում են ցանկություններ, որոնք ուզում եմ կատարել, ու իրականացնում եմ դրանք. փոքր քայլերով գնում եմ դրանց ընդառաջ»,- նշեց նա:

Հանդիպման ավարտին «Լադանիվան» հաճելին մատուցեց ներկաներին՝ կատարելով Շերամի «Պարտեզում վարդեր բացված» երգը:

Խումբը Հայաստանում է Unity Production Armenia-ի ջանքերով:

 «Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան