«Գլխավոր կերպարները հոգնածությունից ուղղակի ընդմիջումներին պառկում էին բեմի վրա»․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը նոր պրեմեիրա ունի

«Ինչու՞ հիմա՝ Մոլիեր: Տեսնես ո՞ր չարիքն է մեզ այս թիանավերի վրա հասցրել: Սա է իսկական մեծ թատերագրության հատկությունը՝  այն մշտապես արդիական է»,– այսպես է բեմադրիչ Կարեն Ներսիսյանը բնութագրում Մոլիերի՝ «Սկապենի արարքները», որի պրեմիերան Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ մայիսին 28-ին։

Հանճարեղ ֆրանսիացի կատակերգակն իր ստեղծագործությունում գործողության վայր է օգտագործում  իտալական Նեապոլ քաղաքը և ավանդական իտալական «դիմակների» տակ է թաքցնում հերոսների իրական բնույթը (Սկապենը խորամանկ ծառայի ավանդական դիմակն է իտալական Կոմեդիա դել Արտեյում)։ Ի՞նչ նպատակով․․․ Ժանրային սիրո պատմություն պատմելու համա՞ր․․․ Ո՛չ մի դեպքում: Մոլյերն այսօր էլ ասելիք ունի, չնայած որ երկը գրելու պահից արդեն 350 տարի է անցել:

Դա մի յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ցայտուն, ուրախ, հեգնական ժանր: Իսկ «թատրոնը՝ թատրոնում» ներկայացման կառուցվածքը թույլ է տալիս մեկ ներկայացման մեջ համատեղել կատակերգական գրոտեսկն ու խորը ողբերգականությունը:

Ներկայացման հերոսուհիներից մեկը՝ Թեհմինե Խաչատրյանը, պատմում է ներկայացման գլխավոր ուղերձի, իր դերի և փորձերի մասին։«Ինչպես մեր գեղարվեստական ղեկավարն է ասում (և ես համամիտ եմ նրա հետ)՝ Մոլիերն ինքնին թատրոն է՝ մաքուր սիրո դրսևորում, սեր դեպի մեր թատրոնը, և իհարկե, ներկայացման ուղերձը, ըստ իս, սերն է․ սերը բուժում է, սերը թևեր է տալիս խելառ արարքների համար, ու հենց այդ արարքներն էլ դրդում են հերոսներին անցնել մի շարք փորձությունների միջով, որոնք վերջում պսակվում են հաջողությամբ, որովհետև երբ սիրով ու սիրուց դրդված ես անում ինչ-որ քայլ, ապա անհնար է չհասնել հաջողության»,-ասում է Հերմինեն և հիշում, թե ինչպես են անցել ներկայացման փորձերը․

«Ինձ համար շատ հաճելի էր ամբողջ փորձերի շրջանը: Ես շատ եմ սիրում հենց փորձաշրջանը, երբ նոր-նոր ծնվում է քո կերպարը, աշխատում ես, տառապում, չես քնում, անգամ փողոցում քայլելով փորձ ես անում։ Շատ հաճելի ու ստեղծագործական մթնոլորտ էր տիրում փորձերի ընթացքում, նյութը շատ բարդ է դերասանի համար, շատ էներգիա և ջանք էր պահանջվում արդյունքի հասնելու համար, ու ասեմ, որ ամբողջ դերասանական կազմը ոչինչ չէր խնայում՝ ո՛չ ժամանակ (որովհետև բացի թատրոնից ուրիշ աշխատանք էլ ունենք համարյա բոլորս), ո՛չ ուժ արդյունքի հասնելու համար, իսկ բեմադրիչը այնպես էր մեզ վարակել իր էներգիայով և իր մեծ սիրով դեպի այս գործը, այս հեղինակը, որ անհնար էր չսիրահարվել ու չհասնել որոշակի արդյունքի։ Փորձերի ընթացքում հոգնում էինք բոլորս, անհնար է ուղղակի առանց հոգնելու փորձել կամ խաղալ Մոլիեր, ոչ մի ստատիկ միզանսցեն կամ ուղղակի կանգնած խոսել չկա, անընդհատ շարժման մեջ է դերասանը, հատկապես գլխավոր կերպարները, ովքեր ուղղակի ընդմիջումներին պառկում էին բեմի վրա և ռեժիսորն իր նկատողություններն անում էր հազիվհազ շնչող դերասաններին՝  նրանց գլխավերևում կանգնած, բայց հենց ասում էր՝ դե սկսեցինք, միանգամից թռչում էինք և կարծես ոչ մի գրամ չհոգնած նորից անցնում տեսարանը»,– ասում է նա։

  Թեհմինեն նաև կարծում է, որ այսօր հանդիսատեսին հարկավոր է ինչ-որ կերպ ցրել առօրյա ծանր  մթնոլորտից։

«Իհարկե շատ դժվար ժամանակներ ենք ապրում, անասելի դժվար։ Կյանքը մեր կիսվեց «մինչ և հետո»- ի։ Կարծում եմ, որ հիմա հանդիսատեսը գալիս է թատրոն մի փոքր ցրվելու, թեկուզ 1.40 րոպեյով մոռանալու առօրյան, դժվարություններն ու ներքաղաքական իրավիճակը, այդ իսկ պատճառով մենք պետք է բեմից լցնենք դահլիճը դրական էներգիայով, դրական էմոցիաներով, սիրով, ինչի կարիքը հիմա ամենաշատը ունենք»,-կիսվում  է նա։ 

Ներկայացման մեջ Սիլվեստեստրի դերակատար Վազգեն Հովհաննիսյանը համակարծիք է Թեհմինեի հետ ու նշում է, որ այս դժվար ժամանակաշրջանում թատրոնն ամեն կերպ փորձում է հայ հանդիսատեսին մի որոշ ժամանակով կտրել առօրյայից։

«Այս ժամանակաշրջանում  դժվար է մարդկանց ժպիտ պարգևելը, բայց մենք մաքսիմալ աշխատում ենք»,-ասում է նա։

Վազգենը նաև հայտնում է, որ այս ներկայացման փորձերը ինքն ամբողջ կյանքում կհիշի։ Դերասանը նշում է, որ չնայած թվում է՝ կոմեդիան թեթև ներկայացում է, բայց այն շատ դժվար է բեմադրել։ Փորձերը տևել են 5-6 ժամ, շատ ժամանակ նրանք անգամ ընդմիջելու հնարավորություն չեն ունեցել։

Ապագա ծրագրերից խոսելով՝ Վազգենը նշում է, որ հիմա իր համար ամենակարևոր նորությունն այն է, որ ինքն ամուսնանում է և ընտանիք է կազմում։

 

Գրիգոր Խոջոյանն իր կերպարի մաիսն պատմելով՝ ասում է․«Իմ կերպարը շատ ցինիկ իտալացի երիատսարդ է, ով փորձում է գտնել իր սերը։ Նա գտնում է, ու պարզվում է, որ աղջիկն աղքատ ընտանիքից է, գնչու է, ու տղան փորձում է նրա հետ հարաբերությունները գաղտնի պահել իր հորից, որովհետև գրաֆի ընտանիքից է։ Իսկ վերջում պարզվում է, որ այդ աղջիկը գլխավոր հերոսի հոր ընկերոջ աղջիկն է։ Ներկայացման մեջ չկա բացասական կերպար»։

Գրիգորի մեջ ներկայացման փորձերը նույնպես տպավորվել են։
«Ներկայացման փորձերի ժամանակ եղել են պահեր, երբ մենք չէինք մտածում, որ մարդկանց դա կծիծաղեցնի, սակայն պրեմիերայից հետո զգացինք, որ այդ պահերին մարդիկ շատ բարձր ծիծաղում էին, զարմացել ու ուրախացել էինք, փաստորեն, մեր չարչարանքներն իզուր չէին։ Բոլոր փորձերն իրենց դժվարությունն ունեն, փորձերը շատ-շատ էին, բայց որքան շատ են փորձերը, այդքան մեծ է օգուտը»,-հիշում է նա։

 

Գրիգորը, համաձայնվելով իր գործընկերների հետ, ասում է, որ  մեր օրերում պետք են այսպիսի կոմեդիաներ, որպեսզի մարդիկ ցրվեն, ոչ թե հիշեն դժվար պահերի մասին։ «Իհարկե, եթե խոսք ու մեծ գաղափար կա, պարզ է, որ դա պետք է ու տեղ ունի լինելու բեմում՝ թատրոնում»,- ասում է նա։

 

Հիշեցնենք, որ ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Մանվել Խաչատրյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Գրիգոր Խոջոյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մելսիդա Հակոբյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը։

Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Մերի Սարգսյանը: Խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան