Ռոնալդուի ընկերուհին հայտնել է, որ պորտուգալացին մնում է Յուվենտուսում

Պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կշարունակի խաղալ թուրինյան «Յուվենտուսում», հայտնել է ֆուտբոլիստի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը։

«Յուվենտուսի» հետ Ռոնալդուի պայմանագիրը ավարտվում է 2022թ․-ի ամռանը։ ԶԼՄ-ները հայտել էին, որ 36-ամյա ֆուտբոլիստը կարող է այս ամառ լքել թուրինյան ակումբը։ Որպես Ռոնալդուի կարիերայի շարունակության տարբերակներ նշվում էին ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» և բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Նա մնալու է»,- մեջբերում է As-ը Ռոդրիգեսի խոսքերը ի պատասխան հարցի, թե Ռոնալդուն կմնա՞ «Յուվենտուսում», թե՞ կհեռանա այնտեղից։

Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2018 թվականին ։ 2020/21 մրցաշրջանում պորտուգալացին 44 խաղում խփել է 36 գոլ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Սպորտինգը» և «Ռոման», իսկ անձամբ պորտուգալացին կցանկանար վերադառնալ մանկունիացիների ակումբ: