Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը ճանաչվել է որպես Բոստոնի Global Cinema Film Festival-ի լավագույն ֆիլմ:
«Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի և ֆրանսիական «La Huit Production» ընկերության համատեղ արտադրությունն է։
««Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ տղամարդիկ տարվա մեծ մասը լինում են «խոպանում»՝ Ռուսաստանում, իսկ կինը այդ ընթացքում դառնում է տան տղամարդը: Որքան էլ Հայաստանում տիրապետող է նահապետական մտածողությունը, սակայն շատ գյուղերում տղամարդիկ գրեթե չկան՝ բացակա են: Սա աբսուրդ է ինձ համար: Ես ուզում էի հասկանալ՝ ինչպե՞ս է այդ ընտանիքը գոյատևում, ինչպես է ապրում իր ամեն օրը: Դրա համար որոշեցի ֆիլմ նկարել տարվա բոլոր եղանակներին»,- խոսելով ֆիլմի մասին՝ նշել է Թամարա Ստեփանյանը։