Սարգիս Գրիգորյանը, Դավիթ Թադևոսյանը, Արթուր և Արմենուհի Սուքիասյանները՝ «Խաղալիքը» հայ-ամերիկյան նոր հեռուստասերիալում

Մայիսի 31-ին եթեր դուրս եկավ «Խաղալիքը» հեռուստասերիալի առաջին սերիան։ Այն հեռարձակվում է USArmenia TV-ով։ «Խաղալիքը» նկարահանվում է Լոս Անջելեսում՝ տեղի հայ դերասանների մասնակցությամբ։

ShowBiz.am-ի հետ զրույցում «Խաղալիքը» հեռուստասերիալի սցենարիստ Անի Մաղաքյանն առաջին մանրամասներ է հայտնել նոր նախագծի դերասանական կազմի, դրա սյուժեի, նպատակի մասին, ինչպես նաև անդրադարձել հեռավար աշխատանքի դժվարություններին։

«Նախագծի պրոդյուսերը, ում հետ ես աշխատում եմ և ումից ստացել եմ առաջարկը, Արթուր Սուքիասյանն է։ Առաջին անգամ ենք միասին աշխատում և առհասարակ առաջին անգամ եմ այդ թիմի հետ աշխատում։ Սկզբում, քանի դեռ անծանոթ էինք, փորձում էինք միմյանց հասկանալ՝ նրանք իմ ձեռագիրը, ես նրանց աշխատելաոճը, արդյունքում եկանք մեկ ընդհանուր հայտարարի։ Պատմությունը, որը ես առաջարկեցի, ընդունվեց միաձայն իրենց կողմից, հետագայում նաև սցենարի հետ կապված եղան լավ արձագանքներ»,- մանրամասնում է Անի Մաղաքյանը։

Խոսելով դերասանական կազմի ընտրության մասին՝ նախագծի սցենարիտը չի թաքցնում իր հիացմունքը․ «Դերասանական կազմը շատ լավն է, ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն եղավ Հայաստանից դուրս հավաքել դերասանների այսպիսի խումբ։ Նախագծում կտեսնենք Սարգիս Գրիգորյանին, Դավիթ Թադևոսյանին, Արթուր Սուքիասյանին, նրա կնոջը՝ Արմենուհի Սուքիասյանին, Մարինե Մինասյանին և շատ ուրիշների»։

«Խաղալիքը» լինելու է բազմասերիանոց նախագիծ, ըստ սցենարիստի՝ պատմությունը ծավալվելու է չորս հիմնական հերոսների շուրջ, և իրենցից յուրաքանչյուրը որոշ իրադարձությունների արդյունքում հայտնվելու է «խաղալիքի» կարգավիճակում։

Անին նաև մեկ այլ շատ կարևոր փաստ նշեց, որի շնորիվ այս հեռուստասերիալն առանձնացրեց մյուս բոլոր նախագծերից․ «Ինձ համար նաև շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այս նախագծով ես հնարավորություն ունեցա բարձրաձայնելու Հայաստանից դուրս ապրողների խնդիրների մասին․  թե ինչ սպասելիքներով են նրանք մեկնում և թե ինչ իրականության են ստիպված լինում բախվել այնտեղ։ Այս օրերին հատկապես մեր թիմի համար շատ կարևոր էր այդ մեսիջները ճիշտ ուղարկել, և միևնույն ժամանակ դա անել սիրո գեղեցիկ պատմության միջոցով։
Վստահ եմ, որ նախագիծը շատ սիրվելու է, որովհետև այն շատ լարված, շատ հետաքրքիր և իրադարձություններով հարուստ է լինելու, միևնույն ժամանակ նախագծում հավաքվել է հիանալի դերասանական և ստեղծագործական կազմ»։

Վերջում անդրադառնալով նաև հեռավար աշխատանքի դժվարություններին՝ սցենարիստը շեշտեց․ «Մտավախություն կար, որ հեռավորության վրա աշխատելը կարող է բարդացնել մեր գործընթացը, բայց ի ուրախություն մեզ, ամեն ինչ շատ հարթ է ընթանում։ Մենք մշտապես կապի մեջ ենք լինում, անկախ գիշեր-ցերեկ տարբերությունից, ցանկացած հարցով խոսում և իրար աջակցում ենք»։

Նյութը՝  Լուս Ավագյանի