Արքայադուստր Դիանայի հարսանեկան զգեստը ցուցադրվել է Քենսինգտոնյան պալատում (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ավագ որդու՝ արքայազն Չարլզի նախկին կնոջ հարսանեկան զգեստը ցուցադրվել է Քենսինգտոնյան պալատի նրա նախկին տանը, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ արքայադուստր Դիանան զգեստը կրել է 40 տարի առաջ և վերջին 25 տարվա մեջ այն ցուցադրվում է առաջին անգամ՝ արքայադստեր 60-ամյա տարեդարձից մեկ ամիս առաջ։

Զգեստը, որն ունի 7,6 մետր երկարությամբ «պոչ», մոդելավորել են Դեյվիդ և Էլիզաբեթ Էմանուելները՝ 1981 թվականին։ Այն հարսանեկան զգեստների պատմության մեջ ամենահայտնի զգեստներից է։ Զգեստի իրանակապը  պատված է հնաոճ ժանյակով, որն ի սկզբանե պատկանել է Մերի թագուհուն (Էլիզաբեթ 2-րդ թագուհու հայրական տատը)։ Զգեստը շատ համահունչ է եղել 1980-ականների նորաձևությանը։

Ցուցահանդեսը, որը տեղի է ունենում Քենսինգտոնյան պալատի ծաղկաջերմոցում, շարունակվելու է մինչը հունվարի 2-ը։ Ցուցահանդեսը բաց է բոլոր նրանց համար, որոնք շրջայց կկատարեն պալատում։

Ցուցահանդեսին ներկայացված է նաև  Մայր թագուհու զգեստի նախնական տարբերակը, որը նա կրել է Ջորջ 6-րդի թագադրման աարողության ժամանակ։