Netflix-ը ձեռք է բերել «սկոպինյան մոլագարի» մասին պատմող ֆիլմի հեղինակային իրավունքները. Սոբչակ (լուսանկարներ)

YouTube-յան «Զգուշացե՛ք. Սոբչակ» նախագծի հեղինակ Քսենյա Սոբչակը հայտնել է, որ ամերիկյան Netflix հոսքային ծառայությունը ձեռք է բերել «սկոպինյան մոլագար» մականունով հայտնի Վիկտոր Մոխովի մասին պատմող ֆիլմի հեղինակային իրավունքները, գրում է meduza.io-ն:

«Ի դեպ, Netflix-ը ձեռք է բերում մոլագարի մասին պատմող մեր ֆիլմը»,- մանրամասնել է Սոբչակը:

Հիշեցնենք՝ մարտի 22-ին Քսենյա Սոբչակի YouTube-յան ալիքում հրապարակվել էր «սկոպինյան մոլագար» Վիկտոր Մոխովի հետ հարցազրույցը: Զրույցի ընթացքում Մոխովն ասել էր, որ ինքը «ստիպված կլինի կրկին գործ ունենալ» իր նախկին պատանդներից մեկի՝ Ելենա Սամոխինայի հետ, որը գերության մեջ գտնվելու ընթացքում 3 անգամ երեխա է լույս աշխարհ բերել, որոնց հայրն ինքն է, և ազատվելուց հետո «այլևս չի ծննդաբերում»: Նա նաև ասել է, որ ցանկանում է հանդիպել իր երկրորդ նախկին պատանդ Եկատերինա Մարտինովայի հետ: Մոխովը ձայնագրել է մի տեսանյութ, որում նա ներողություն է խնդրել նրանից, բայց կինը չի դիտել այն:

Այս առնչությամբ Մարտինովան դիմել էր դատախազություն և քննչական կոմիտե: Նա խնդրել էր քրեական գործ հարուցել Մոխովի դեմ`գաղտնիությունը խախտելու մասին հոդվածի հիման վրա՝ այն դեպքի առթիվ, որ «մոլագարը» Սոբչակի ֆիլմում պատմել էր Մարտինովայի դեմ կատարված հանցագործությունների մանրամասները:

Ներկայում քրեական գործ չի հարուցվել, հետաքննությունը շարունակվում է: Այնուամենայնիվ, Մարտինովային շնորհվել է պետական պաշտպանություն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վիկտոր Մոխովը մոտ 17 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել մարտի 3-ին: 2000 թվականին նա 14-ամյա Եկատերինա Մարտինովային և 17-ամյա Ելենա Սամոխինային առաջարկել էր իր մեքենայով տուն հասցնել, բայց նրանց տարել էր քաղաքից դուրս և 3,5 տարի բանտարկել ավտոտնակի տակ գտնվող ինքնաշեն նկուղում: Մոլագարը սեռական ստրուկներ էր դարձրել դպրոցական աղջիկներին: 17-ամյա աղջիկը 3 անգամ հղիացել է տղամարդուց:

Նշենք՝ Ռուսաստանի Ռյազանի մարզի Սկոպինի քաղաքային դատարանը 2005 թվականի օգոստոսի 30-ին դատապարտել էլ Մոխովին 16 տարի 10 ամիս ազատազրկման։ 2021 թվականի մարտի 3-ին Մոխովը պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել։ Մոխովը 6 տարի իրավունք չունի մասնակցել զանգվածային միջոցառումների, գիշերները զբոսնել, ինչպես նաև առանց թույլտվության լքել Սկոպինի շրջանը: Բացի այդ, նա ամիսը երկու անգամ պետք է ներկայանա ոստիկանություն։