«Նա, ով ասել է, թե տնային հագուստը միայն տան համար է, չի փորձել SKIMS-ը»․ Քիմ Քարդաշյանը գովազդել է իր բրենդը

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակումներ է արել՝ ներկայացնելով իր հիմնած SKIMS ապրանքանիշի տնային հագուստի հարմարավետությունը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

SKIMS ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում Քիմ Քարդաշյանը վարսահարդարվում և դիմահարդարվում է, պատասխանում է հեռախոսազանգերի և տարբեր դիրքեր ընդունում լուսանկարվելու համար:

Տեսանյութում հեռախոսի միջից հնչող կանացի ձայնը, որը ենթադրաբար Քիմ Քարդաշյանի մոր՝ 65-ամյա Քրիս Ջեների ձայնն է, ասում է․ «Քիմ, դու ստիպված ես 5 րոպեից գնալ»։ Մեկ այլ կանացի ձայն բացականչում է, որ նա պետք է գնա։ Քիմ Քարդաշյանը վերցնում է բանալիները, դրանք օդ նետում և ասում․ «Նա, ով ասել է, թե տնային հագուստը միայն տան համար է, չի փորձել SKIMS-ը»։

Քիմ Քարդաշյանի հիմնադրած SKIMS ապրանքանիշը շուկայում հայտնվել է 2019 թվականից և արտադրում է տնային հագուստ, գիշերազգեստներ, մարմինն ընդգծող հագուստ և ներքնազգեստ։ Vogue ամսագրին տված հարցազրույցներից մեկում Քիմը նշել էր, որ մտահղացումն առաջացել է անհրաժեշտությունից, երբ չի կարողացել մարմինն ընդգծող այնպիսի հագուստ գտնել, որն իրեն անհրաժեշտ է եղել, և ստիպված է եղել անձամբ ստեղծել։