«Հաղթիր Եվրոյի հետ» մրցույթի արդյունքները․ պատանի մասնակիցը փայլեց ֆուտբոլային իր գիտելիքներով

Եվրո-2020-ին ընդառաջ «Արմենիա TV»-ն ֆուտբոլասերներին և առհասարակ հեռուստադիտողին ֆուտբոլային մեծ խրախճանքի մի մասը դարձնելու նպատակով  մայիսի 17-ից հայտարարել էր մրցույթ ֆեյսբուքյան տիրույթում, որի շրջանակներում ընտրված լավագույն 10 մասնակիցներն այսօր պայքարեցին հաղթողի կոչմանն արժանանալու համար, իսկ դե մրցանակն, ինչ խոսք, արժանի էր նրանց չարչարանքին․ հաղթողին բաժին հասավ նոր սերնդի PlayStation 5։

Մոտ մեկ ամիս տևած թեժ պայքարից հետո մրցույթի եզրափակչում մրցեցին առաջին փուլի առաջատարները, ինչի արդյունքում հաղթող ճանաչվեց 17-ամյա Կարեն Կարապետյանը։
Կարենն անսխալ պատասխանեց Էդուրադ Քալանթարյանի կողմից հնչեցված բոլոր հարցերին՝ զարմացնելով թե՛ մարզական մեկնաբանին, թե՛ տաղավարում ներկա գտնվող մյուս մասնակիցներին և հյուրերին։

«Հաղթիր Եվրոյի հետ» մրցույթի երզափակիչը տպավորիչ էր և լարված, մասնակիցներից ոմանք փայլեցին իրենց ֆուտբոլային գիտելիքներով, բայց գլխավոր մրցանակը մեկն էր։ Սակայն մասնակիցներից և ոչ մեկը դատարկաձեռն չհեռացավ մրցույթից, տղաները նվեր ստացան աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Յուրի Ջորկաեֆի և Զլատան Իբրահիմովիչի մասին պատմող գրքերը։

Մեզ հետ զրույցում Քալանթարյանը նշեց, որ չէր սպասում, որ այսպիսի թեժ պայքար կստացվեր․ «Այնպիսի տպավորություն էր, որ ես հենց նոր ինչ-որ մրցաշարից դուրս եկա։ Հույզերը շատ-շատ էին, իսկապես շատ հետաքրքիր ստացվեց։ Քանի որ մրցույթ է, ամեն դեպքում մտածում էինք, որ հետաքրքիր պայքար է լինելու, բայց որ այս աստիճան, իրոք անսպասելի էր։ Վերջում մնացած երկու մասնակիցներն այնպիսի տպավորություն էին ստեղծել, որ, կարծես թե, կարող էին երբեք չսխալվել։ Բայց եկավ այն պահը, որ մասնակիցներից մեկը երկու սխալ թույ տվեց և պարտվեց, բայց հաղթողը՝ Կարեն Կարապետյանը, ուղղակի փայլուն գիտելիքներ ուներ, և այս պարագայում էլ աշխատեց այն կանոնը, որ եզրափակչում հաղթեց ուժեղագույնը։ Այստեղ չկար որևէ հուշումից օգտվելու հնարավորություն, այնպես որ Կարենը ցույց տվեց, որ նա ֆուտբոլից շատ բան գիտի»։

Խոսելով առաջնությունում իր ֆավորիտի, ինչպես նաև մյուս հավաքականների շանսերի մասին՝ Էդուրադ Քալանթարյանը նշում է․ «Առաջնությունում իմ ֆավորիտը մնում է Բելգիայի հավաքականը, բայց ոչ թե համարում եմ, որ նրանք ամենաուժեղն են, այլ ուղղակի կարծում եմ, որ եկել է պահը, որ նրանք պետք է հաղթեն։ Չնայած կազմով, կարծում եմ, Ֆրանսիան ամենաուժեղն է։ Ես չեմ երկրպագելու ոչ մի հավաքականի, որովհետև դա ինձ միայն կխանգարի աշխատելիս, դրա համար պահպանելու եմ չեզոքություն, թող հաղթի ուժեղագույնը»։

Զրուցեցինք նաև մրցույթի հաղթողի՝ Կարեն Կարապետյանի հետ, ով իր պատասխաններում չափազանց զուսպ էր, միգուցե պատճառը հետխաղային էմոցիաներն էին, կամ պարզապես պատանին պերճախոս է միայն ֆուտբոլին առնչվող հարցերին պատասխանելիս )):

«Այնպես չէր, որ այստեղ էի միայն հաղթելու համար, իրոք չէի մտածում, որ մրցանակն ինձ բաժին կհասնի։ Տպավորություններս շատ լավն են, շատ դրական։ Չգիտեմ՝ ինչպես է ստացվել, որ այսքան բան գիտեմ ֆուտբոլի վերաբերյալ, պարզապես շատ եմ ուսումնասիրել, փաստեր եմ կարդացել, ֆուտբոլն իմ հոբբին է»,- նշում է Կարենը։

Պատանի ֆուտբոլասերը նաև հավելեց, որ Եվրո-2020-ի ընթացքում երկրպագելու է Նիդերլանդների հավաքականին, քանի որ շատ է հավանում նրանց խաղաոճը։

17-ամյա Կարենը կողմնորոշվել է նաև իր մասնագիտության հարցում, նա ապագա ծրագրավորող է, իսկ ֆուտբոլային գիտելիքներն, ամենայն հավանականությամբ, հետագայում նրա առջև այլ դռներ ևս կբացեն։

Հավելենք, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը բացառիկ իրավունքով կցուցադրի հունիսի 11-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության բոլոր 51 հանդիպումները․ մեկ ամիս շարունակ հայ երկրպագուներն ուղիղ հեռարձակմամբ կկարողանան վայելել ամառվա ամենասպասված ֆուտբոլային խաղերը։