Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո շարունակում է օգտագործել նախկին ամուսնու ազգանունը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը կրտսեր քույրերի՝ 25-ամյա Քենդալ Ջեների, 23-ամյա Քայլի Ջեների և մոր՝ 65-ամյա հեռուստաաստղ Քրիս Ջեների հետ ընթրիքից հետո երկրպագուի համար ստորագրություն է թողել՝ օգտագործելով նաև նախկին ամուսնու ազգանունը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

40-ամյա հեռուստաաստղը ռեստորանից դուրս գալու ժամանակ երկրպագուի համար մակագրություն է թողել՝ KKW Beauty ապրանքանիշի գովազդային պատկերի վրա գրելով «Քիմ Քարդաշյան Ուեսթ»։

Հիշեցնենք որ, Քարդաշյանն ամուսնալուծության մասին լուրերը հաստատել էր 3 ամիս առաջ։ Ներկայում հեռուստաաստղը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացել էին 2013 թվականին և ունեն 4 երեխա։