Ջեյ Լոն վերադարձել է Բեն Աֆլեքի հետ հանգստից և ժամանակ անցկացրել երեխաների հետ (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին նկատել են Մայամիում` իր և երաժիշտ Մարք Էնթոնիի զույգ երեխաների՝ 13-ամյա Մաքսի և Էմմայի հետ զբոսնելիս, հայտնում է Daily Mail պարբերականը և հրապարակում պապարացիների կողմից արված լուսանկարները։

Լուսանկարներում 51-ամյա երգչուհին կրում է գունավոր սպորտային հագուստ և Nike ապրանքանիշի սպորտային կոշիկներ՝ իր տեսքն ամբողջացնելով Louis Vuitton ապրանքանիշի պայուսակով։ Ջենիֆեր Լոպեսը եղել է հավաքված վարսերով, մեծ օղերով և արևային ակնոցով։ Լոպեսի 13-ամյա դուստրը զբոսանքի համար ընտրել է մուգ մոխրագույն շապիկ, մուգ կանաչ վերնաշապիկ, շագանակագույն տաբատ և սև զինվորական ոճի երկարաճիտ կոշիկներ։ Իսկ Մաքսը կրել է ջինսե շորտ, կապույտ շապիկ և սպորտային կոշիկներ։

Երգչուհին նոր է վերադարձել Լոս Անջելեսից, որտեղ պատրաստվում է տեղափոխվել՝ իր և հայտնի դերասան Բեն Աֆլեքի զարգացող սիրավեպի ֆոնին։

Պապարացիների հրապարակած լուսանկարներից բացի Մայամիից լուսանկարներ է հրապարակել նաև Ջենիֆեր Լոպեսը, որոնցում կրում է արծաթագույն կրծքալ, սպիտակ վերնաշապիկ և ջինսե շորտ՝ դրանք համադրելով սպորտային կոշիկների և Coca Cola գրությամբ կարմիր գլխարկի հետ։

Հիշեցնենք, Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։ Զույգն արդեն չի թաքցնում հարաբերությունները, որոնց մասին ԶԼՄ-ները վերջերս անդադար գրում են։

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։