Այլասերում է երիտասարդությանը. Կիմ Չեն Ընը K-pop-ը չարորակ ուռուցք է անվանել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հարավկորեական K-pop երաժշտական ուղղությունն անվանել է «չարորակ ուռուցք», որն «այլասերում է երիտասարդներին», գրում է The New York Times-ը:

Նրա խոսքով ՝ այս «ուռուցքն այլասերում է Հյուսիսային Կորեայի երիտասարդների հագուստը, սանրվածքը, խոսքը, պահվածքը»:

Հրապարակման համաձայն ՝ վերջին ամիսներին Հյուսիսային Կորեայի ղեկավարն ու պետական լրատվամիջոցներն ամեն օր քննադատում են հարավկորեական ֆիլմերը, տեսահոլովակներն ու K-pop-ը: Հավանաբար, Կիմ Չեն Ընը մտավախություն ունի Հյուսիսային Կորեայի երիտասարդության շրջանում ինքնարտահայտման և անհատականության դրսևորումից, քանի որ դա, ի վերջո, կարող է հանգեցնել երկրի հաստատված ռեժիմի տապալմանը: Այս կապակցությամբ նա օրենքից դուրս է հայտարարել նեղ և պատռված ջինսերը, «հակասոցիալիստական» սանրվածքները կդիտվեն որպես սոցիալական կարգի սպառնալիքի նշաններ:

Նախկինում Փհենյանը մեղադրում էր հարավկորեական երաժշտական արդյունաբերությանը արվեստագետների ստրկական շահագործման համար: Հյուսիսային Կորեայի ինտերնետային պորտալներից մեկը գրել էր, որ K-pop արվեստագետները, այդ թվում՝  հայտնի BTS և Blackpink խմբերի անդամները, ենթադրաբար, անարդար պայմանագրերով հարկադրաբար ստիպված են ծանր աշխատանք կատարել դեռ վաղ տարիքից:

Փետրվարի 16-ին հայտնի է դարձել, որ Հյուսիսային Կորեան բարձրացրել է առավելագույն պատիժը հարավկորեական տեսանյութերի ներկրման և տարածման համար: Այժմ դրա համար կարող է սպառնալ մահապատժին: