Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամները ժամացույցներ են նվիրել KUWTK-ի անձնակազմին (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը շոուի ավարտի առթիվ շնորհակալություն է հայտնել այդ տարիների ընթացքում էկրանների հետևում աշխատած մարդկանց, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ 40-ամյա Քիմ Քարդաշյանը հռչակ է բերել շոուին և իր ողջ ընտանիքին։

Twitter-ում հրապարակված տեսանյութում, որը պատրաստել է անձնակազմի անդամ Սեզար Կաստիլլոն, Քիմ Քարդաշյանը, քույրերը և նրանց մայրը՝ Քրիս Ջենները շնորհակալություն են հայտնել աշխատակազմին։ SKIMS, KKW Fragrance և KKW Beauty ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր հեռուստաաստղը իր երախտագիտությունն է հայտնել «ցկյանս իր ընտանիքին» (իրապատում շոու աշխատակազմ, խմբ․), որը տեղյակ է իր «յուրաքանչյուր գաղտնիքին»։

Սեզար Կաստիլլոյի պատրաստած տեսանյութում  նշվում է, որ այս տարիների ընթացքում ընկերություն և կապեր են ստեղծվել և այդ հարաբերությունները ի վերջո վերածվել են ընտանիքի։ Տեսանյութում երևում է շոուի նկարահանումների վերջին գիշերը, ապա երևում են շոուի ընթացքում նկարահանված տարբեր կադրեր՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից մինչև Բալի, Հռոմից մինչև Մալդիվներ։

Հոլովակում, ի նշան տարիների համագործակցության համար շնորհակալության, ընտանիքի անդամները Rolex և Cartier ապրանքանիշի ժամացույցներ են նվիրել աշխատակազմի անդամներին։

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբում Քիմ Քարդաշյանը հայտարարել էր Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ավարտի մասին: