Անջելինա Ջոլիին վերջին շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ նկատել են նախկին ամուսնու տուն այցելելիս

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիին մեկ շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ նկատել են նախկին ամուսնու՝ Ջոնի Լի Միլլերի տուն այցելելիս, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ այս անգամ դերասանուհուն ուղեկցել է որդին՝ 17-ամյա Փաքսը։

Դերասանուհուն նկատել են նախկին ամուսնու՝ Բրուքլինում գտնվող տունը լքելիս։ Պապարացիների հրապարակած լուսանկարներում 46-ամյա դերասանուհին կրում է մուգ կապույտ երկար զգեստ, կաթնագույն կաշվե տափակ կոշիկներ՝ իր տեսքն ամբողջացնելով կաշվե պայուսակով և պաշտպանիչ դիմակով։

Ջոլիի որդին կրում է մուգ կապույտ տաբատ, վարդագույն գծավոր վերնաշապիկ և արևային գլխարկ՝ այն համադրելով մուգ կապույտ սպորտային կոշիկների հետ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, անցյալ կիրակի դերասանուհին, որի ձեռքին եղել է Peter Michael թանկարժեք գինու շիշ, բրիտանացի դերասանի՝ Բրուքլինում գտնվող տուն է ժամանել առանց թիկնապահի և 3 ժամ անցկացրել է նրա հետ։

Նշենք, որ դերասաններն առաջին անգամ հանդիպել են 1995 թվականին՝ «Հաքերները» ֆիլմի նկարահանման հրապարակում և մեկ տարի անց՝ 1996-ին ամուսնացել են։ Նրանց ամուսնությունը, այնուհանդերձ, երկար չի տևել․ դերասանները բաժանվել են 1997-ին՝ «լարված աշխատանքային գրաֆիկների» պատճառով։ Ընդ որում, Ջոլին մի առիթով հրապարակավ ափսոսանք է հայտնել ամուսնալուծության կապակցությամբ։

«Մենք Ջոնի հետ երբեք չենք վիճել և երբեք իրար վնաս չենք պատճառել։ Ես իսկապես ուզում էի դառնալ նրա կինը»,- ասել է դերասանուհին Calgary Sun ամսագրին տված հարցազրույցում, իսկ 2004-ին մեկ այլ ամսագրի հետ զրույցում նշել է, որ «Միլերի հետ ամուսնալուծությունն իր կյանքում ամենահիմար որոշումն է եղել»։