«Իմ կին, սիրում եմ քեզ»․ Թրևիս Սքոթը հաստատել է Քայլի Ջենների հետ վերամիավորվելու մասին լուրերը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջենների դստեր հայրը՝ երաժիշտ Թրևիս Սքոթը «հաստատել է» իր և հեռուստաաստղի վերամիավորման մասին լուրը՝ նրանց հրավիրելով «Փարսոնս Բենեֆիթ» մրցանակաբաշխության շրջանակում իր պարգևատրմանը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ զույգի հաշտվելու մասին խոսակցությունները վերջին շրջանում սկսել են թեժանալ։

«Փարսոնս Բենեֆիթ»-ը մրցանակաբաշխություն է, որի ընթացքում մրցանակներ են հանձնվում նորաձևության, արվեստի, ձեռներեցության և սոցիալական արդարության ոլորտներում։ Մրցանակախաբաշխության համար Kylie Cosmetics-ի հիմնադիր ու սեփականատեր 23-ամյա հեռուստաաստղը 3-ամյա դստեր հետ մեկնել է Նյու Յորք։ Մրցանակաբաշխությանը Քայլի Ջեները ներկայացել է հագուստի մոդելավորող Ժան Պոլ Գոտյեի 1987 թվականին մոդելավորած հայտնի զգեստի կանաչ տարբերակով։ Քայլին իր տեսքն ամբողջացնելու համար ընտրել է թափանցիկ բարձրակրունկներ և թափանցիկ երկար ձեռնոցներ։ 29-ամյա Թրևիս Սքոթը մրցանակաբաշխությանը ներկայացել է սև կոստյումով և դասական կոշիկներով, իսկ 3-ամյա Սթորմին կրել է մոխրագույն  զգեստ և Nike ապրանքանիշի սպորտային կոշիկներ։

Իրենց ինստագրամյան էջերում երեկոյից լուսանկարներ են հրապարակել թե՛ Քայլի Ջեները, թե՛ Թրևիս Սքոթը։ Քայլի Ջենները հրապարակմանը կից գրել է․ «24 ժամ Նյու Յորքու,», իսկ երաժիշտ իր հրապարակած լուսանկարներին կից գրել է, որ սիրում է դստերն ու կնոջը։

«Սթորմի, սիրում եմ քեզ և իմ կին, սիրում եմ քեզ», – գրել է երաժիշտը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քայլի Ջենները հերքել էր դստեր հոր հետ բաց հարաբերությունների մեջ լինելու մասին լուրերը և նշել, որ նման հարաբերություններն իր համար անհասկանալի են։

Հիշեցնենք, որ Քայլի Ջենները և Թրևիս Սքոթը բաժանվել են 2019 թվականին՝ երկու տարի համատեղ կյանքից հետո։ E!News-ը, վկայակոչելով իր աղբյուրը, նշել էր, որ զույգը պաշտոնապես վերջ չի տվել հարաբերություններին, սակայն առժամանակ բաժանվել է՝ հաճախակի դարձած վիճաբանությունների պատճառով։

Զույգը սկսել էր հանդիպել 2017 թվականին, և շաբաթներ անց հայտարարել Քայլիի հղիության մասին: