Մանվել Խաչատրյանը նշանակվել է Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն

Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն է նշանակվել դերասան, ռեժիսոր Մանվել Խաչատրյանը: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի Ֆեյսբուքի պաշտոնական էջից:

«Բոլորիս մաղթում ենք բարի երթ և բեղմնավոր գործունեություն։ Թող նոր ընթացքը զուգորդվի լի դահլիճներով և չմարող ծափահարություններով»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Ավելի վաղ թատրոնից հայտնել էին, որ հունիսի 15-ին ավարտվել է Մնջախաղի թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանի պաշտոնավարման ժամկետը:

«Վերջին 10 տարում, սկզբում որպես տնօրենի օգնական, այնուհետև՝ տնօրեն, Արամ Խոջոյանն իր երիտասարդական ավյունով և աշխատունակությամբ մեր թատրոնը բարձրացրեց մի նոր մակարդակի, և ապացուցվեց, որ մնջախաղի արվեստը խորությամբ իմացող ու մենեջմենթի նրբությունները խելացի կիրառող տնօրենը պետք է արձանագրեր այնպիսի արդյունքներ, որպիսիք չենք ունեցել թատրոնի 47-ամյա պատմության ընթացքում:

Մենք թատրոնում նրան Արամ ենք դիմում: Այդպես ինքն էր ուզում: Եվ բնական է, որ թատրոնում պիտի ձևավորվեր ընտանեկան մթնոլորտ:

Շնորհակալություն, Արամ ջան»,- նշել էր թատրոնի անձնակազմը: