«Չեմ ցանկանում կրկին հայտնվել նորաձևության ամսագրերի շապիկներին»․Սուպերմոդել Ջիջի Հադիդն ակնարկել է կարիերան ավարտելու մասին (լուսանկարներ)

Հայտնի սուպերմոդել Ջիջի Հադիդը I-D ամսագրին տված հարցազրույցում պատմել է անձնական կյանքում և կարիերայում փոփոխությունների մասին՝ խոստովանելով, որ անցյալ տարվա սեպտեմբերին դստեր ծնունդը վերաիմաստավորել է իր կյանքը։

«Դա ինձ ստիպեց մտածել այն մասին, թե ինչ պետք է անեմ կյանքիս և կարիերայիս հետ: Մոդելային կարիերայի հետ կապված իմ բոլոր երազանքներն իրականություն են դարձել։ Ես չեմ ցանկանում կրկին հայտնվել նորաձևության ամսագրերի շապիկներին կամ գովազդային արշավներում։ Ես նախընտրում եմ այդ հնարավորությունն ընձեռել նոր դեմքի»,-ասել է հայտնի սուպերմոդելը՝ ընդգծելով, որ ցանկանում է իր տեղը զիջել հաջորդ սերնդին և իր էներգիան ու ժամանակը կենտրոնացնել այլ գործերի վրա։

Մոդելը նաև հավելել է՝ ավելի շատ ժամանակ է ցանկանում անցկացնել դստեր հետ, ուստի եթե հետագայում որոշի աշխատել, շատ կցանկանա աշխատանքային ստուդիաներում մանկական սենյակներ տեսնել։

Ավելի վաղ սուպերմոդելը խոստովանել էր՝ մայրությունն ազդել է իր կարիերայի վրա, և «այժմ հակված է այնպիսի աշխատանքների, որոնք ամեն շաբաթ չեն պահանջում լինել տարբեր երկրներում»։

Նշենք, որ Հադիդի և երգիչ Զեյն Մալիկի դուստրը ծնվել է 2020-ի սեպտեմբերի 23-ին։ զույգը սկսել է հանդիպել 2015 թվականից, սակայն այս տարիների ընթացքում հասցրել է երկու անգամ բաժանվել և կրկին վերամիավորվել։ Մոդելն ու երաժիշտն իրենց հարաբերությունները վերսկսել են 2020 թվականի սկզբին։