6 տարի անց Ադելը նոր ալբոմ կներկայացնի. կլինեն երգեր նաև ամուսնալուծության մասին

Ադելը պատրաստվում է 6 տարվա դադարից հետո ներկայացնել իր նոր ալբոմը: Երգչուհու նախորդ ալբոմը՝«25»-ը թողարկվել է 2015 թվականին: Այդ տարիների ընթացքում նրա կյանքում շատ փոփոխություններ են եղել՝ հասցրել է ամուսնալուծվել ու բավական նիհարել:

Ադելի մտերիմներից մեկը, որը նախընտրել է անանուն մնալ, տեղեկացրել է, որ վերջին ամիսներին նա մշտապես ստուդիայում է եղել, ձայնագրել է նոր երգեր ու անհամբերությամբ է սպասում, թե երբ է դրանք ներկայացնելու: Բաժանման մասին երգեր եւս լինելու են նոր ալբոմում:

«Նա մարզվում է շաբաթական 5 օր: Հիմա գտնվում է ֆիզիկական ու հոգեբանական հիանալի վիճակում»,- բրիտանական Eonline պարբերականին ասել է աղբյուրը:

Նոր ալբոմի մասին ակնարկել է նաեւ երգչուհու ընկեր, բրիտանացի հաղորդավար Ալան Կարը: «Մի քանի երգ եմ լսել ալբոմից: Աստված իմ, որքան հիանալի են դրանք: Այդ ձայնն ասես հին ընկեր լինի: Էլի կատարողներ կան, որոնց ձայնը նման է Ադելին, սակայն լսում եք նրան ու հասկանում, որ կա միայն մեկ Ադել»:

Վերջին անգամ նա հանրության առաջ ներկայացել է 2020-ի հոկտեմբերին Saturday Night Live հաղորդման ընթացքում: Ադելն իր երկրպագուներին զարմացրել էր նոր տեսքով ու նշել, որ դեռ ավարտին չի հասցրել ալբոմի հետ կապված աշխատանքները: