Ռոնալդուի ինստագրամյան էջը հետևորդների թվով ռեկորդ է գրանցել

«Յուվենտուս»-ի և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Instagram սոցիալական ցանցի առաջին օգտատերը, որին հետևում է 300,9 միլիոն մարդ: Այս մասին տեղեկանում ենք ESPN հեռուստաալիքի թվիթերյան պաշտոնական էջից:

Ինչպես նշվում է՝ 36-ամյա հարձակվողի էջը սոցցանցի ամենահայտնի հաշիվների շարքում առաջատար է:

Միևնույն ժամանակ, երկրորդ տեղը զբաղեցնում է դերասան Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» (The Rock) կեղծանունով (246 միլիոն հետևորդ), իսկ երրորդը երգչուհի Արիանա Գրանդեն է (244 միլիոն հետևորդ):

Ինչ վերաբերում է հայտնի ֆուտբոլիստի գործընկերներին, ապա հետևորդների քանակով նրան ամենամոտը «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին է, որին հետևում է 219 միլիոն օգտատեր, իսկ «Պարի Սեն-Ժերմեն»-ի (ՊԱԺ) հարձակվող Նեյմարին հետևում է 152 միլիոն մարդ:

Նշենք, որ փետրվարի կեսերին Ռոնալդուի Instagram-ի էջին բաժանորդագրվել էր 261 միլիոն մարդ: