Անջելինա Ջոլին հայտնել է, որ իր երեխաներից 3-ը ցանկացել են Բրեդ Փիթի դեմ ցուցմունք տալ

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին պնդել է, որ իր երեխաներից 3-ը պատրաստ են եղել նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի հետ խնամակալության հարցով դատական լսումներին հոր դեմ ցուցմունք տալ, գրում է Daily Mail-ը։

Օրերս ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված դատական փաստաթղթերում Ջոլիի իրավաբանական թիմը հայտնում է՝ զույգի երեխաներից 3-ը ցուցմունք տալու հնարավորություն են խնդրել։

«Չի կարելի թույլ տալ, որ երեխաներից որևէ մեկն անարդար դատավարության ականտես լինի»,-ասված է փաստաթղթում։

Հայտնի է, որ դատարանը մերժել է դերասանուհու իրավաբանական թիմի խնդրանքը և երեխաները ցուցմունք տալու հնարավորություն չեն ունեցել։ Իր հերթին, Ջոլին քննադատել էր խնամակալության գործով դատավորին՝ հայտարարելով, որ վերջինս «կողմնակալ է և իր երեխաներին թույլ չի տալիս ցուցմունք տալ»։

Նշենք, որ դերասանները բաժանվել են 2016 թվականին։ Զույգի որդեգիր որդու՝ Մեդոքսի և Բրեդ Փիթի միջև տեղի ունեցած ենթադրյալ վեճը, ինչպես հայտնում էին աղբյուրները, լցրել է 45-ամյա Ջոլիի համբերության բաժակը, ինչից հետո դերասանուհին ապահարզանի հարց է ներկայացրել դատարան։ Դրանից հետո զույգը սկսել է իրենց 6 երեխաների խնամքի համար դատական հայցեր ներկայացնել։ Փիթը ցանկանում է խնամակալության հավասար իրավունքներ ունենալ, մինչդեռ Ջոլին դեմ է դրան։

Շաբաթներ առաջ դատարանը զույգին երեխաների խնամակալության հավասար իրավունքներ է շնորհել։