Քորթնի և Քիմ Քարդաշյանները ցանկացել են, որ իրենց ծեծկռտուքը չընդգրկվի KUWTK-ում

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղերը շոուի ավարտի առթիվ հաղորդավար Էնդի Քոհենի հետ E! հեռուստաընկերության համար նկարահանված հարցազրույցի ընթացքում խոսել են այն դրվագների մասին, որոնք չեն ցանկացել, որ եթերում լինեն, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Հեռուստաշոուի հայազգի աստղ Քլոե Քարդաշյանն անդրադարձել է ավագ քույրերի՝ Քորթնի և Քիմ Քարդաշյանների միջև ծեծկռտուքին, որը եթերում է եղել 2020 թվականի մարտին՝ իրապատում շոուի 18-րդ եթերաշրջանի ընթացքում։ Երկու քույրերը վիճել են Քորթնիի աշխատանքային էթիկայի հարցի շուրջ և երբ սկսել են հարվածել միմյանց 36-ամյա Քլոե Քարդաշյանն ու կրտսեր քույրը՝ 25-ամյա մոդել Քենդալ Ջենները կարծել են, թե դա կատակ է։ Ընտանիքի անդամները՝ հատկապես Քորթին և Քիմը, ցանկացել են, որ վեճը, որը վերածվել է ծեծկռտուքի, չհրապարակվի շոուի դրվագներում, սակայն միջադեպին E! հեռուստաալիքի ներկայացուցչի ներկայությունը հաշվի առնելով որոշել են, որ այն կընդգրկվի։

Վերոնշյալ վեճից բացի հեռուստաաստղերն անդրադարձել են նաև 2020 թվականի հոկտեմբերին էկրաններ բարձրացած ևս մեկ դրվագի, որտեղ Ջեններ քույրերը վիճում են զգեստի համար, որն ի վերջո կրում է Քայլի Ջենները, իսկ երեկոյից հետո հրաժարվում է նույն մեքենայով Քենդալի հետ տուն վերադառնալ։

«Մենք շատ ազատ ենք և թույլ ենք տալիս, որ ամեն ինչ նկարահանվի»,- ասել է Kylie Cosmetics ապրանքանիշի հիմնադիր և սեփականատեր 23-ամյա Քայլի Ջեններն ու հավելել, որ սկզբում զգացմունքային է մոտենում հարցին, իսկ որոշ ժամանակ անց, երբ զգացմունքներն անցնում են մտածում է, որ դա իրեն այնքան էլ չի անհանգստացնում։ Քենդալ Ջենները, սակայն, նույն կարծիքին չէ։ Նա նշել է, որ այդ տեսարանն առ այսօր իր մոտ բացասական զգացողություններ է առաջացնում։