Ուսեյն Բոլտը գեղեցիկ ընտանեկան լուսանկար է հրապարակել` ներկայացնելով նորածին երկվորյակներին (լուսանկարներ)

Հայտնի վազորդ Ուսեյն Բոլտը զույգ որդիներ է ունեցել, որոնց տվել է Թանդեր (Thunder) և Սենթ Լեո (Saint Leo) անունները:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, ուրախալի լուրը 34-ամյա մարզիկը հայտնել է իր ինստագրամյան էջում` Հայրիկների օրվան նվիրված գրառում անելով:

Օլիմպիական չեմպիոնը նաև ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է եղել զուգընկերուհու` Քասի Բեննեթի, նորածին զույգերի և մեկամյա դստեր` Օլիմպիա Լայթնինգի հետ:

Զույգը չի հայտնել, թե երբ են լույս աշխարհ եկել երկվորյակները:

Բեննեթը ևս գրառում է կատարել. «Լավագույն հայրիկը մեր փոքրիկների համար»:

Օլիմպիան լույս աշխարհ է եկել 2020 թվականի մայիսին, սակայն վերջինիս անունը հայտնի էր դարձել ամիսներ անց: