«Չկա մեկ այլ վայր, որտեղ կցանկանայի գտնվել այսօր». Անջելինա Ջոլի (լուսանկարներ, տեսանյութ)

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, որը նաև ՄԱԿ-ի փաստականների հարցով հատուկ հանձնակատարի բանագնացն է, այցելել է Բուրկինա Ֆասո՝ փախստականների ճամբար` բարձրաձայնելու այն խնդիրների մասին, որոնց բախվում են իրենց տներից հեռացած և տեղահանված անձինք:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 46-ամյա Ջոլին աֆրիկյան երկրում փախստականների հետ հանդիպմանը գնացել է գլխաշորով: Հանդիպումը կայացել է նախօրեին` Փախստականների համաշխարհային օրը:

Ընդգծելով, որ վերջին տարվա ընթացքում կրկնապատկվել է տեղահանված անձանց թիվն աշխարհում, Ջոլին ասել է. «Չկա մեկ այլ վայր, որտեղ կցանկանայի գտնվել այսօր՝ փախստականների հետ` այն մարդկանց, որոնցով ամենից շատն եմ հիանում աշխարհում»:

Ջոլին հավելել է, որ երբևէ այդքան «անհանգստացած չի եղել» տեղահանված անձանցով, ինչպես հիմա:

«Մենք պետք է արթնանանք և առաջ շարժվենք համաշխարհային ճանապարհով, որը լի է կոնֆլիկտներով, այդ թվում՝ այն խնդրով, որ կլիմայական փոփոխությունները կստիպեն տասնյակ, եթե ոչ հարյուր միլիոնավոր մարդկանց լքել իրենց տներն ապագայում` վերադառնալու հնարավորություն չունենալով»,- ընդգծել է Ջոլին:

Ելույթից առաջ Ջոլին շփվել է տեղի փախստականների հետ և ծառ տնկել նրանց հետ միասին: