«Սպիտակաձյունիկը» կունենա նոր էկրանավորում. հայտնի է՝ ով կմարմնավորի գլխավոր հերոսուհուն

«Սպիտակաձյունիկը» կունենա նոր էկրանավորում։ Ըստ Deadline-ի՝ Սպիտակաձյունիկի դերը կկատարի 20-ամյա Ռեյչլ Զեգլերին՝ կոլումբիական և լեհական արմատներով ամերիկուհի:

Ճիշտ է իր կինոկարիերան Զեգլերը նոր է սկսում, բայց նա շատ տաղանդավոր է: 16 տարեկանում դերասանուհին կարողացել է բաց քասթինգ անցնել «Վեստսայդյան պատմության» նոր էկրանավորման համար, որտեղ մարմնավորել է Մարիայի դերը, ֆիլմի ռեժիսորն է Սթիվեն Սփիլբերգը: Քասթինգում դերասանուհին առաջ է անցել 30 հազար հավակնորդներից։ Պրեմիերան նախատեսվում է տարեվերջին։

Այս տարի Զեգլերը ևս մեկ շահավետ պայմանագիր է կնքել. փետրվարին հայտարարվել էր, որ նա կմիանա DC-ի «Շազամ» ֆիլմի նկարահանման շարունակությանը:

«Սպիտակաձյունիկի» նոր էկրանավորման ռեժիսորը կլինի Մարկ Ուեբը: Ֆիլմի երաժշտության պատասխանատուներն են Բենջ Պասեկը և Ջասթին Փոլը: Նկարահանումների մեկնարկը կտրվի 2022 թվականին:

«Ռեյչելի արտասովոր վոկալ տվյալները նրա տաղանդի միայն մի մասն են: Նրա ներքին ուժը, ինտելեկտը և լավատեսությունը կդառնան Դիսնեյի այս դասական հեքիաթը նորովի բացահայտելու միջոց»,- ասել է  ռեժիսոր Ուեբը:

Հիշեցնենք, որ «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» օրիգինալ մուլտֆիլմը, որը հիմնված է Գրիմ եղբայրների հեքիաթի վրա, թողարկվել է 1937 թվականին: Դա Disney-ի առաջին անիմացիոն ֆիլմն էր, որը մեծ հաջողություն ունեցավ: