«Ես ու Բրեդը մտերիմ ընկերներ ենք». Ջենիֆեր Էնիսթոնը խոսել իր և նախկին ամուսնու ջերմ հարաբերությունների մասին (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը SiriusXM ռադիոհաղորդման ընթացքում մեկնաբանել է 2020-ի հունվարին ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության կուլիսներում իր և նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի ջերմ հանդիպումը՝ հայտնելով, որ «դրանում տարօրինակ ոչինչ չկա», փոխանցում է Fox News-ը։

«Շատ հաճելի հանդիպում էր, ես ու Բրեդը մտերիմ ընկերներ ենք ու հաճախ ենք զրուցում»,- ասել է Էնիսթոնը՝ հավելելով, որ իրենց «ջերմ հարաբերություններում տարօրինակ ոչինչ չկա»։

Միևնույն ժամանակ, խոսելով ծանոթությունների համար նախատեսված հավելվածների մասին, դերասանուհին ընդգծել է՝ «առանց դրանց էլ իրեն հիանալի է զգում»։

«Ո՛չ ցանկանում եմ օգտվել այդ հավելվածներից, ո՛չ էլ դրանց կարիքն եմ զգում»,- հավելել է դերասանուհին։

Նշենք, որ Ջենիֆեր Էնիսթոնը և Բրեդ Փիթն ամուսնացել են 2000-ին և բաժանվել 5 տարի անց՝ 2005-ին։ Զույգը ընկերական հարաբերություններ է հաստատել միայն վերջերս․ 2019-ին Փիթը մասնակցել է Էնիսթոնի 50-ամյակի խնջույքին։