«Սիմփսոնների» պրոդյուսերը պատմել է՝ կարող է արդյոք «հավերժական լինել» սերիալը

«Սիմփսոններ» անիմացիոն սերիալի սցենարիստ և պրոդյուսեր Մայք Ռեյսը Metro-ի հետ զրույցում ասել է, որ 1989 թվականից ի վեր ցուցադրվող շոուն կարող է «հավերժ շարունակվել»:

Շոուրանների խոսքով՝ նախագիծն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի գոյատևի երկար տարիներ:
«Սիմփսոնները պատմում են այն մասին, ինչ տեղի է ունենում աշխարհում, մարդկանց հետ»,- նշել է Ռեյսը։

Այնուհետև պրոդյուսերը զուգահեռներ է անցկացրել հեռուստաեթերի այնպիսի երկարակյացների հետ, ինչպիսիք են Saturday Night Live-ը (1975 թվականից) և The Daily Show-ը (1996 թվականից), որոնցում երգիծական ձևով լուսաբանվում են տարբեր պատմություններ:

«Այն ամենը, ինչ վերաբերում է ընթացիկ իրադարձություններին, պետք է շարունակվեն,- համոզված է նա: Ինչո՞ւ դա պետք է դադարեցվի, շոուն կարող է տևել հավերժ: Նույնիսկ եթե «Սիմփսոնները» երբևէ չեղյալ հայտարարվեն, հինգ տարի անց կրկին կվերականգնվի: Հնարավոր է՝ այլ ձևաչափով»։

Լրագրողուհու այն հարցին, թե արդյոք «Սիմփսոնները» ինչ-որ գաղտնի «հաջողության բանաձև» ունեն՝ Ռեյսն հեգնանքով պատասխանել է, որ թիմի հետ իրենց բախտը բերել է:

«Սիմփսոնները» ամենաերկար սերիալն է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ: Արդեն ավելի քան 30 տարի է, նա դուրս չի գալիս էկրաններից: