ԱՄՆ-ում կայացած գեղեցկության մրցույթում առաջին անգամ տրանսգենդեր կին է հաղթել (լուսանկարներ)

Տրանսգենդեր կինն առաջին անգամ հաղթել է Միացյալ Նահանգներում կազմակերպված գեղեցկության մրցույթում, հայտնում է NBC News-ը և հավելում, որ Նևադայի նահանգային մրցույթի 21 մասնակիցներից 27-ամյա մոդել Կատալունա Էնրիկեսն է մասնակցելու «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթին և ներկայացնելու նահանգը։

Էնրիկեսը ծնվել է Ֆիլիպիններում և 10 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել ԱՄՆ։ 2016 թվականից նա սկսել է մասնակցել գեղեցկության մրցույթների, սակայն իր ճանապարհը, ինչպես մոդելն է նշել, բարդ է եղել։ Նա նշել է, որ նրանից խնդրել են, ըստ իրեն, անձնական բնույթի փաստաթղթեր և բժշկից թուղթ ներկայացնել, ինչը աղջիկը նվաստացուցիչ է համարել։

Աղջիկը հաղթող է ճանաչվել Queen California, Queen USA 2016, Super Sireyna WWUSA մրցույթներում, ինչպես նաև՝ Queen of the Universe տրանսգենդերների միջազգային մրցույթում: Հունիսի 27-ին Էնրիկեսը հաղթել է Miss Silver State USA մրցույթում՝ իր մասնակցությունն ապահովելով «Միսս ԱՄՆ» մրցույթում։

«Miss Silver State USA-ն, անկեղծ ասած, ինձ համար հիանալի փորձառություն էր, դա կանացիության և բազմազանության տոն էր, ինչպես նաև տոն՝ լինելու այնպիսին, ինչպիսին կամ»,- ասել է նա և շնորհակալություն հայտնել երկրպագուներին և թիմին, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքին՝ իրեն աջակցելու համար։

Այժմ մոդելը նախատեսում է մասնակցել նոյեմբերին կայանալիք «Միսս ԱՄՆ» մրցույթին։