Adana Project խումբը նորովի է մեկնաբանել «Գարահիսար» սիրված երգը

Adana Project ռոք խումբը, որը մշակում և յուրովի մատուցում է հին կամ մոռացված հայկական ազգագրական, ժողովրդական, էստրադային երգերը, այս անգամ անդրադարձել է «Գարահիսար» ստեղծագործությանը:

«Երգը գրվել է Վանի Պետոյի հիշատակին, որը զոհվել է 1896 թվականին Գարահիսար լեռան մոտ քրդերի հետ համառ մարտերում։ Գարահիսարը մի շշմելու ու անառիկ բերդաքաղաք է եղել, որն ընկել է 1915 թվականի հուլիսին երկար ինքնապաշտպանական մարտերից հետո։ Տեսահոլովակը պատրաստել ենք Արցախյան 44-օրյա պատերազմի ծանր օրերի ապրումներից ազդված։ Այսքա՜ն հին երգ, բայց նոր ցավ, նոր վերք… Թերևս, հայիս համար չսպիացող ո՛չ ցավ, ո՛չ վերք…»,- ասվում է տեսահոլովակին կից արված գրառման մեջ:

Adana Project-ի հիմնադիրներն են Արին և Արիս Քարամյանները: Արինը ստեղնաշարային գործիքներ է նվագում, իսկ Արիսը` հարվածային: Խմբի կիթառահարներն են Պատրիկ Ավետիսյանն ու Ռոման Մնացականյանը, բաս կիթառահարն է Գեղամ Ղազարյանը, մեներգչուհին` Մանե Տոնոյանը: Խմբի պրոդյուսերն Անդրե Սիմոնյանն է: