«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի Snap երգը դարձել է մրցույթի պատմության ամենաշատ լսելի 5 երգից մեկը Spotify-ում։ Այս մասին տեղեկանում ենք «Առաջին ալիքի» «Ֆեյսբուքի» էջից։
««SNAP»-ը նույնիսկ առաջ է անցել աշխարհահռչակ ABBA խմբի «Waterloo»-ից»,- նշված է հրապարակման մեջ։
Գրառմանը կից բազմաթիվ հայազգի օգտատերեր, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում, նշել են, որ իրենց մոտ էլ ռադիոյով հաճախակի լսում են այդ երգը։
«Բելգիայում տարբեր ռադիոալիքներով լսում ենք, բազմամարդ վայրերում այս երգի ժամանակ բոլորին Մուրադի հայացքով եմ նայում», «Իտալական ռադիոյով ամեն օր այդ երգն է հնչում», «Գերմանական ռադիոյով էլ են շատ հաճախ միացնում», «Դուբայում էլ շատ հաճախ ռադիոյով եթեր են տալիս», «Օրը 5-6 անգամ իսպանական ռադիոյով պտտվում է Ռոզա Լինի երգը»,- գրում են օգտատերերը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022»-ի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն իր Snap երգով զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։ Մրցույթին մասնակցելու նպատակով Թուրին պատվիրակություն ուղարկելու համար ծախսվել էր մոտ 18 մլն դրամ, որը ներառում էր ճանապարհածախսն ու հյուրանոցը։ Հանրային հեռուստաընկերությունն ընդհանուր առմամբ «Եվրատեսիլ-2022»-ին մասնակցելու վրա շուրջ 40 հազար դոլար է ծախսել։