Ամերիկացի գործարար, «SpaceX»-ի, «Tesla»-ի և «X» սոցցանցի ղեկավար Իլոն Մասկը առաջին տեղն է զբաղեցրել «Altrata» վերլուծական ընկերության կազմած սուպերմիլիարդատերերի վարկանիշում։
Ինչպես հայտնում է «The Wall Street Journal»-ը, աշխարհում ծայրահեղ հարուստ մարդկանց կատեգորիա է ձևավորվել՝ սուպերմիլիարդատերեր, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է առնվազն 50 մլրդ դոլար։
Նրանց թվում առաջատար է դարձել Մասկը, որի կարողությունը գնահատվում է 419,4 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում՝ 263,8 մլրդ դոլար կարողությամբ, ամերիկյան առցանց հարթակի` «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «LVMH»-ի սեփականատեր Բեռնար Առնոն։ Նրա կարողությունը գնահատվել է 238,9 մլրդ դոլար։
24 սուպերմիլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմում է շուրջ 3,3 տրիլիոն դոլար, ինչը համադրելի է Ֆրանսիայի անվանական ՀՆԱ-ի հետ։ Հատկանշական է, որ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին ամենահարուստ մարդիկ արդյունաբերողներն էին, մինչդեռ այսօրվա սուպերմիլիարդատերերի մեծ մասն իրենց հարստությունը ձեռք են բերել տեխնոլոգիական ոլորտում աշխատելով: